Եվրոպա

ԵՄ-ն պատրաստում է իր արձագանքը պողպատի և ալյումինի ներմուծման նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պատրաստում է իր արձագանքը պողպատի և ալյումինի ներմուծման նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը

Եվրոպական Միությունը հայտարարել է, որ «վճռական և համաչափ հակաքայլերով» կարձագանքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկիր ներմուծվող ամբողջ պողպատի և ալյումինի նկատմամբ 25% մաքսատուրքերի սահմանմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Թրամփը համապատասխան հրամանագիր է ստորագրել փետրվարի 10-ի երեկոյան՝ ավելացնելով մաքսատուրքերը, ինչպես նաև չեղարկելով գործող մի շարք բացառությունները երկու մետաղների ներմուծման համար։ Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն մարտի 4-ին։ 

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ափսոսում է Վաշինգտոնի ընդունած որոշման համար։ Նա հավելել է, որ հարկերը շատ վատ են անդրադառնում բիզնեսի վրա և էլ ավելի վատ՝ սպառողների վրա։ 

«ԵՄ-ի նկատմամբ չարդարացված մաքսատուրքերն անպատասխան չեն մնա։ Դրանք կառաջացնեն վճռական և համաչափ հակաքայլեր։ ԵՄ-ն կգործի՝ պաշտպանելու իր շահերը», - ասել է ֆոն դեր Լայենը հայտարարության մեջ։ 

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես կարձագանքի Եվրամիությունը։ Ըստ Reuters-ի՝ քայլերից մեկը կարող է լինել ԵՄ-ի կողմից 2018 թվականին սահմանված մաքսատուրքերի վերականգնումը, որոնք չեղարկվել էին նախկին նախագահ Ջո Բայդենի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջև կնքված համաձայնագրից հետո։

Reuters-ը նշում է, որ ԵՄ-ից ԱՄՆ պողպատի արտահանումները վերջին տասնամյակի ընթացքում կազմել են տարեկան միջինը 3 միլիարդ եվրո։

ԱՄՆ ներմուծվող պողպատի խոշորագույն մատակարարը Կանադան է, նրան հաջորդում են Բրազիլիան, Մեքսիկան, Հարավային Կորեան և Վիետնամը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում