Ֆինանսներ

ՊԵԿ-ը 6 ամսվա ընթացքում ապահովել է 1 տրլն 187.6 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը 6 ամսվա ընթացքում ապահովել է 1 տրլն 187.6 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարկային մարմնի կողմից 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հավաքագրվել են 1 տրլն 163.2 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 133.4 մլրդ դրամով կամ 13.0%-ով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից, մանրամասնելով, որ մաքսային մարմնի կողմից հավաքագրվել են 186.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 62.9 մլրդ դրամով կամ 25.2%-ով: Մաքսային մարմնի կողմից ապահովված եկամուտների նվազումը պայմանավորված է տարբեր ապրանքների ներմուծման ծավալների կրճատմամբ: 

Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց պետական բյուջեի եկամուտներից վերադարձվել է շուրջ 162.2 մլրդ դրամ (ցուցանիշում ներառված չէ 32.1 մլրդ դրամ հիփոթեքի վերադարձը, որը չի նվազեցվել եկամտային հարկից), ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 13.6 մլրդ դրամով կամ 7.7%-ով (2023թ. վերադարձի ցուցանիշում ներառված է 24.0 մլրդ դրամ հիփոթեքի վերադարձը): 

Կոմիտեն հայտնում է, որ 2024 թ. առաջին կիսամյակի ընթացքում հարկային և մաքսային մարմինների կողմից ընդհանուր հավաքագրվել է 1 տրլն 349.8 մլրդ դրամ, որից հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 162.2 մլրդ դրամ։ Արդյունքում, հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով փաստացի կատարողականը կազմել է 1 տրլն 187.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 84.1 մլրդ դրամով կամ 7.6%-ով: 

«Եթե դիտարկենք 2023 թվականի առաջին կիսամյակի կատարողականը՝ 2024 թվականի հաշվարկման տրամաբանությամբ, այն է` վերադարձվող գումարներից չպակասեցնելով հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը, ապա 2024 թվականի առաջին կիսամյակի ապահովված եկամուտներն ավելի կլինեն նախորդ տարվա համադրելի ցուցանիշից 60.1 մլրդ դրամով կամ 5.3%-ով»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում