Podcast-Հարց բժշկին. կրծքավանդակում ցավը կարող է հուշել սրտի լուրջ խնդիրների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրծքավանդակում ցավը կարող է հուշել սրտի լուրջ խնդիրների առկայության կամ առաջացման մասին: Խնդիրներն առաջանում են հատկապես ֆիզիկական լարվածության ժամանակ: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մահացությունների ընդհանուր թվի մեծ մասը բաժին է ընկնում սիրտ-անոթային հիվանդություններին։ Սակայն մասնագետները պնդում են՝ այդ ռիսկը հնարավոր է նվազեցնել՝ վարելով առողջ ապրելակերպ, ընդունելով առողջ սննդակարգ և, իհարկե, առաջին իսկ գանգատի դեպքում այցելելով բժշկին:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում սիրտ-անոթային խնդիրների, դրանց առաջացման, կանխարգելման և մի շարք կարևոր գործոնների մասին զրուցել ենք ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դասախոս,  «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Արամ Տերտերյանի հետ։ 

Խոսելով  նախանշաններից, որոնք կարող են հուշել սրտի հետ կապված խնդրի առկայության մասին, սրտաբանը նշեց՝ կրծքավանդակի առաջնային պատի հատվածում ծանրության, ցավի և այրոցի զգացումները եթե տևում  են մի քանի րոպեից ավելի,  պետք  է անմիջապես դիմել բժշկի օգնությանը՝ զանգել շտապօգնություն: 

«Մյուս գանգատները, որոնք կարող են խոսել սուր սրտային խնդիրների մասին՝ չհիմնավորված, հանկարծակի առաջացող շնչարգելությունն է, օդի պակասի զգացումը, երբ հիվանդը ստիպված է լինում պառկած դիրքից նստել կամ կիսահենվել, որպեսզի շնչառությունն ավելի թեթևանա։ Նման նախանշանները սովորաբար բնորոշ են սուր սրտային անբավարարությանը»,-ասաց բժիշկ Տերտերյանը։ 

Մասնագետը նշեց՝ չնայած մեր օրերում դժվար է, սակայն հնարավոր է առօրյայում շատ պարզ քայլեր կիրառելով՝ ունենալ առողջ սիրտ։ Ըստ նրա՝ դա, իհարկե, նորմալ սննդակարգն է, ֆիզիկական ակտիվությունը՝ մասնավորապես սպորտով զբաղվելը, և ընդհանուր առողջ ապրելակերպի խորհուրդներին հետևելը, ինչպես նաև որոշակի տարիքից հետո պարտադիր է գանգատներին հետևելը և բժշկին դիմելը։

Ըստ սրտաբանի՝ միայն սննդակարգը բավարար չէ, շատ կարևոր է նաև վնասակար սովորություններից հրաժարվելը: Նա նշեց, որ առողջ օրգանիզմ և առողջ սիրտ-անոթային համակարգ ունենալու համար պետք է նաև ամբողջությամբ հրաժարվել ծխախոտից:

Սրտի արագ, դանդաղ և անհավասար զարկերի դեպքում ի՞նչ է պետք անել: Որո՞նք են ինսուլտի և ինֆարկտի նախանշանները: Բարձր զարկերակային ճնշումը որքանո՞վ կարող է ազդել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վրա: Արդյո՞ք Ճարպակալումը սրտի հիվանդության լուրջ պատճառ կարող է լինել: Արյան մեջ շաքարի բարձր քանակը, խոլեստերինը, վահանաձև գեղձի խաթարումները կարո՞ղ են ազդել սրտի աշխատանքի վրա:

Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

Հայերեն

Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Հունիսի 30-ի միջոցառումների անոնս

Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար

Բելգիայում նշել են զբոսաշրջության ոլորտում Բուլղարիայի առաջարկած գին-որակ լավ հարաբերակցությունը. BTA

Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-29/06/26