Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային տրանսպորտի նոր շարժակազմերը Երևանում կլինեն հոկտեմբերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայրաքաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստում այդ մասին հայտնեց Երևանի ղեկավար Տիգրան Ավինյանը:
«Շարժակազմերը նախատեսվում է ստանալ հոկտեմբերին: Ձևակերպումներ իրականացնելու, դրանք գծեր մտցնելու և որոշակի տեխնիկական լուծումներ ապահովելու համար է ընդամենը առաջարկվել ժամկետը (նկատի ունի միասնական տոմսային համակարգի ներդրման – խմբ.) տեղափոխել հունվարի 1-ին: Վստահաբար՝ նոյեմբերի 1-ին էլ, դեկտեմբերի 1-ին էլ կհասցնեինք: Այդ 1-2 ամիսներին կարելի է ասել հնարավորություն է տրվում կատարելու հնարավոր բոլոր ծրագրային շտկումները, որպեսզի հունվարի 1-ից ամբողջական և անթերի ներդրվի միասնական տոմսային համակարգը»,- պարզաբանեց քաղաքապետը: