Երևանում անցկացվող հանդիպումը ցույց տվեց Հայաստանի հանձնառությունը հարկային թափանցիկության օրակարգին. Զայդա Մանատա
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպման անցկացումը ցույց է տալիս Հայաստանի հանձնառությունը հարկային թափանցիկության օրակարգին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում անցկացվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպման շրջանակում լրագրողների հետ զրույցում նման գնահատական տվեց Գլոբալ ֆորումի քարտուղարության ղեկավար Զայդա Մանատան:
«Այստեղ անցկացվող հանդիպումը ցույց տվեց երկրի հանձնառությունը հարկային թափանցիկության օրակարգին։ Հայաստանը պարտավորվել է ոչ միայն հարցման հիման վրա տեղեկատվության փոխանակում իրականացնել, այլ նաև հաջորդ տարի սկսել տեղեկատվության ավտոմատ փոխանակում, ինչպես նաև հետաքրքրություն է ցուցաբերել 2027 թվականին «Կրիպտոակտիվների հաշվետվողականության շրջանակի» ներդրման հարցում: Սա մեծ հանձնառություն է և ցույց է տալիս, որ երկիրն իսկապես ներգարվված է այս ճանապարհում, այս օրակարգի հարցում մեծ հետաքրքրություն ունի»,–ասաց Մանատան:
Նա հարկային թափանցիկության խթանումը առանցքային համարեց հարկային համակարգերի արդարությունն ապահովելու համար: Հարկ վճարողների միջև չպետք է լինի անբարեխիղճ մրցակցություն: Մանատան ընդգծեց՝ այսպիսով, հասարակության լայն շերտերի համար կարևոր է նաև հավատալ կառավարությանը, հավատալ հարկային համակարգի արդարությանը, որպեսզի կարողանան իրենց պատշաճ ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում:
Նա ընդգծեց՝ այն փաստը, որ հարկ վճարողն ի վիճակի է անդրսահմանային գործարքներ իրականացնել, չպետք է առավելություն լինի իր հարկային պարտավորությունը չկատարելու առումով։ Նա շեշտեց հարկային թափանցիկության կարևորությունը:
«Ասիայի նախաձեռնությունը տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և լավագույն փորձի փոխանակման, միմյանցից սովորելու և տարածաշրջանում այս օրակարգն առաջ տանելու քաղաքական առումով աջակցություն ստանալու միջոց է»,–ասաց Մանատան:
Նա հավելեց՝ նախաձեռնությանը միացող ամեն երկիր օգուտ է տալիս աշխարհի մյուս բոլոր երկրներին ևս, քանի որ ավելի քիչ տեղ է մնում հարկերից խուսափողների համար:
ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սոսե Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում բարձրաստիճան հանդիպումը շատ լավ հնարավորություն համարեց Հայաստանի համար միջազգային փորձը տեղայնացնելու, ինչպես նաև տարածաշրջանային կապեր ապահովելու հարցում:
Ասիական նախաձեռնության մեկնարկը տրվել է 2021 թվականի ՏՀԶԿ գլոբալ ֆորումի լիագումար նիստի ժամանակ, որին Հայաստանը միացել է 2022 թվականին Բալիի հռչակագրով: Ասիական նախաձեռնությունում 2024-2025թթ. Հայաստանը համանախագահող երկիր է: Պետական եկամուտների կոմիտեն, Ասիական նախաձեռնության 6-րդ հանդիպման շրջանակում, Երևանում հյուրընկալել է նախաձեռնության լիիրավ անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների, ինչպես նաև դիտորդ երկրների, գործընկեր կառույցների, միջազգային կազմակերպությունների: