Քաղաքականություն

Հակոբ Արշակյանն ու Ուան Յենլին կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը

3 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանն ու Ուան Յենլին կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Չինաստանի Հուբեյ նահանգի Ժողովրդական Կոնգրեսի մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահ Ուան Յենլիի հետ:

«Սա առաջին պաշտոնական պատվիրակությունն է, որ Հայաստանից երբեւէ այցելում է Հուբեյ նահանգ, եւ պետք է նշեմ, որ դրական զգացողություններ ու տպավորություններ ունեմ», - ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրությունից, ասել է Հակոբ Արշակյանը:

Ուան Յենլին առանձնակի կարեւորել է նման հանդիպումները՝ նկատելով, որ դրանք փոխադարձ շփումների արդյունքում առավել զարգանում են։ Նա հույս է հայտնել, որ այդ հանդիպումները հարաբերությունների ընդլայնման համար լավ հիմք կլինեն:

ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացումը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում թե՛ զբոսաշրջության, թե՛ ներդրումային ծրագրեր իրականացնելու, թե՛ համագործակցության համար:

Կարեւորելով Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ այն առավել կզարգացնի երկու երկրների միջեւ համագործակցության ուղղությունները:

Ուան Յենլին, անդրադառնալով Չինաստանի եւ Հայաստանի միջեւ գործող ծրագրերին, ընդգծել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որը նոր հորիզոններ է բացում ապագայում:

Մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահը նշել է, որ տեղեկացված է Հայաստանի՝ գիտության եւ տեխնոլոգիաների ուղղությամբ զարգացվածության մասին: Նա նաեւ հավելել է, որ ուրախ կլինի Հուբեյ նահանգի եւ Հայաստանի միջեւ տնտեսական, տեխնոլոգիական, գիտության եւ կրթության ոլորտներում հարաբերությունների խորացմամբ:

Զրուցակիցները կարեւորվել են Հայաստանի մարզերի, քաղաքների եւ Չինաստանի նահանգների ու քաղաքների միջեւ համագործակցության զարգացումը:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Պաշտոնական այցով Չինաստանում գտնվող պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Հայկ Ցիրունյանը, Թագուհի Ղազարյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում