Քաղաքականություն

Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրն անհապաղ ավարտին հասցնելու և կնքելու կարևորությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրության մեջ։ 

«Պետքարտուղարն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ընդգծել համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Բլինքենը կրկնել է, որ Միացյալ Նահանգները ցանկացած ձևով հավատարիմ է մնում կողմերի համար օգտակար հետագա ներգրավվածությանն աջակցելուն:

«Շեշտելով Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարևորությունը՝ պետքարտուղարն ընդգծել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցության անհրաժեշտությունն ընդհանուր կլիմայական և էներգետիկ նպատակներին հասնելու համար: Էնթոնի Բլինքենը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է COP29-ի բարեհաջող անցկացմանը նպաստելուն և կոչ է արել  ամրապնդել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը նորից կոչ է արել Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։ 

«Նա Ադրբեջանին կոչ է արել դա անել հնարավորինս շուտ»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցչի հայտարարության մեջ:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում