Իրավունք

Ադրբեջանական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց ԼՂ-ի ամբողջ էթնիկ հայ բնակչությունը. ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց ԼՂ-ի ամբողջ էթնիկ հայ բնակչությունը. ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդի ժամանակաշրջանում փախստականների թիվն ահագնացող չափերի է հասնում, 2023 թվականին ադրբեջանական գործողությունների հետևանքով վատ վերաբերմունքի տարատեսակ դրսևորումների զոհ դարձավ և բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ էթնիկ հայ բնակչությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ իր ուղերձում:

«Հունիսի 20-ին ամբողջ աշխարհը նշում է Փախստականների համաշխարհային օրը։

Ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի գործունեության կարևորագույն ուղղություններից է, որն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ տարեկան հաղորդումների և արտահերթ զեկույցների, միջազգային և ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության բարձրացման միջոցառումների և այլ ձևաչափերով ոլորտային խնդիրների բարձրաձայնման միջոցով։ Այս համատեքստում խիստ կարևոր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը։

Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ է ներգրավված բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության աշխատանքներում և վերաբերելի խնդիրները անընդհատ է բարձրաձայնում ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ պետական իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում։

Խորը ցավով պետք է արձանագրել, որ արդի ժամանակաշրջանում փախստականների թիվն ահագնացող չափերի է հասնում։ Ավելին, 2023 թվականին ադրբեջանական գործողությունների հետևանքով վատ վերաբերմունքի տարատեսակ դրսևորումների զոհ դարձավ և բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ էթնիկ հայ բնակչությունը։  

Վերը շարադրվածը նկատի ունենալով` օրախնդիր է նշված բնագավառում իրավունքների պաշտպանության կառուցակարգերի վերանայումը և կատարելագործումը: Այս համատեքստում լիազոր մարմինները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն իրավունքի գերակայության ապահովման, բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման, իրազեկման աշխատանքների իրականացման, միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների անխոչընդոտ իրականացման հարցերում:

Պետական մարմինները, քաղաքացիական հասարակությունը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային և միջազգային կառույցները պետք է համախմբվեն այն գաղափարի շուրջ, որպեսզի բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների համար լիարժեքորեն երաշխավորվեն իրենց կարգավիճակից բխող բոլոր իրավունքները»,- ասված է ՄԻՊ-ի ուղերձում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում