Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ-ի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից են. Հակոբ Արշակյանը՝ Լոու Ցինծյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հանդիպել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծյանի հետ:

«Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից մեկը: Այն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային զարգացումները, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման եւ սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն: Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի: Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարեւոր գործոն է տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատման համար: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կծառայի ոչ միայն մեր տարածաշրջանին, այլ նաեւ հյուսիսը հարավին եւ արեւելքն արեւմուտքին կապող միջազգային լոգիստիկ ծրագրերին»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծյանը, անդրադառնալով մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատման անհրաժեշտությանը, նշել է, որ Չինաստանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, աջակցում խնդիրների խաղաղ կարգավորման գործընթացին:

Հանդիպմանը քննարկվել են ճանապարհաշինության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված խնդիրները: Մեծապես կարեւորվել են տրանսպորտային հաղորդակցության ոլորտում չինական Չինաստան-Հայաստան ուղիղ ավիաչվերթների գործարկումը (ինչը կարեւոր է զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության խորացման տեսանկյունից), ինչպես նաեւ ուղեւորների եւ բեռների միջազգային տրանսպորտային փոխադրումները:

Ընդգծվել են հայկական արտադրանքների՝ Չինաստանում ներկայացվածության խրախուսման մեխանիզմները, Չինաստանում անցկացվող ցուցահանդեսներին հայ տնտեսավարողների մասնակցությունը եւ ապրանքների առկայությունը:

Հանդիպմանը կարեւորվել է Չինաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը:

Հայերեն Русский Türkçe 中文

Երևանի Աղի լճի հարակից տարածքը նոր տեսք կունենա, կառուցվելու է սպորտային հրապարակ

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Ինդոնեզիայում փրկարարները լաստանավի վթարից հետո փնտրում են 130 կորած անձանց

Երևանում ապօրինի ավտոկայանատեղիների խնդիրը պետք է լուծվի․ Տիգրան Ավինյան