Հայաստանից Ռուսաստան և ԵՄ արտահանումը նվազել է. փորձագետը մի քանի պատճառ է տեսնում

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ և Եվրամիություն արտահանումն այս տարվա առաջին 4 ամսում նվազել է: Փորձագետը երկու ուղղությամբ նվազման հարցում գործոն է համարում փոխարժեքը, Ռուսաստանի դեպքում նաև ՌԴ-ի կողմից ներմուծման դիվերսիֆիկացիան, այսպիսով՝ հայաստանյան տնտեսավարողների համար ռուսական շուկայում կարճաժամկետ բարձր պահանջարկի նվազումն ու նաև վերաարտահանման նվազումը: «Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանի հետ: 

Հայաստանն այս տարվա հունվար-ապրիլին արտահանել է 5 մլրդ 990 մլն 521.9 հազար դոլարի ապրանք, ինչը 2.8 անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Սակայն դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը 4 ամսում կազմել է 898 մլն 139.3 հազար դոլար՝ 2023-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 19.8 տոկոսով: Ընդ որում, ԵԱՏՄ երկրներից Ղազախստան և Ղրղզստան արտահանումն աճել է՝ համապատասխանաբար 60.5 տոկոսով և 2.7 անգամ: Չորս ամսում Ռուսաստան արտահանումը նվազել է 21.4 տոկոսով, Բելառուս՝ 8.9 տոկոսով: 

Նվազման համար առաջին գլոբալ գործոնը, որ վերաբերում է ՌԴ ուղղությանը,  փորձագետը համարեց նախկինում նկատված արտահանման գերտաքացումը: «2022-ի փետրվարից հետո ՌԴ-ում որոշակի շուկաներ ազատվեցին: Եվ այդ շուկաներ մուտք գործելու հնարավորություններն օգտագործեցին նաև որոշ հայ տնտեսավարողներ: Դա չի վերաբերում միայն վերաարտահանմանը: Բացված հնարավորությունն արագ լցնելու պոտենցիալ առաջացավ, և հայ արտադրողները, դրանից օգտվելով, միանգամից արտահանման ծավալները մեծացրեցին: Այնուամենայնիվ, հաջորդող ժամանակահատվածներում որոշակի վերադասավորումներ տեղի ունեցան ռուսական շուկայում: ՌԴ-ն դիվերսիֆիկացրեց իր ներմուծումը հատկապես Չինաստանից, Հնդկաստանից, այլ ասիական երկրներից: Եվ առաջացած «ճեղքերը» սկսեցին փակել ավելի շատ երկրներ»,-ասաց փորձագետը:

Կարապետյանը չբացառեց նաև, որ հայ տնտեսավարողներն արտահանման համար օգտագործում էին իրենց կուտակած պաշարները: Եվ, բնականաբար, հիմա որոշակի ճշգրտման դինամիկա կարելի է սպասել: Նա ընդգծեց՝ իհարկե, ցանկալի կլիներ, որ հայաստանյան արտադրողները, հակառակը, ամրապնդվեին ռուսական շուկայում:

Նա դեպի Ռուսաստան արտահանման նվազման համար երկրորդ գործոն համարեց փոխարժեքը: Դրամը զգալիորեն արժևորվել է դոլարի ու եվրոյի նկատմամբ, ռուսական ռուբլու նկատմամբ: Դրամը արժևորված է մնում ռուսական ռուբլու նկատմամբ: «Եվ սա բնականաբար հարվածել է մեր արտահանման պայմաններին, գնային հատվածին: Երբ դրամն արժևորվում է, մեր արտահանման գները թանկանում են, դրամային եկամուտը ստանալու համար մեր տնտեսավարողները պետք է ապրանքն ավելի բարձր արտարժութային գնով վաճառեն, ինչը կհարվածի իրենց մրցունակությանը: Հետևաբար, սա մի կողմից ծավալների կրճատման է հանգեցնում, մյուս կողմից հանգեցնում է նաև մրցունակության և եկամուտների նվազման»,–նշեց Կարապետյանը:

Դեպի Ռուսաստան արտահանման ծավալներում նախորդ տարի մեծ դեր է ունեցել նաև վերաարտահանումը: Փորձագետ հիշեցրեց՝ անցյալ տարի Հայաստանը մեքենաներ է վերաարտահանել Ռուսաստան: Այս տարի այդ հնարավորությունը գրեթե փակվել է՝ հաշվի առնելով ուտիլիզացիոն վճարի կիրառումը ՌԴ-ի կողմից, Վրաստանի կողմից կիրառված սահմանափակումները: Սա հարվածել է արտահանման հնարավորությանը: Այսպիսով, փորձագետն այս տարի վերաարտահանման նվազումը ևս դեպի ՌԴ արտահանման ծավալների նվազման գործոն է համարում:  

Դեպի ՌԴ մեքենաների արտահանումը հիմա կանգնել է: Ուստի, փորձագետը կարծում է, որ այս առումով դեպի ՌԴ արտահանման նվազումը շարունակվելու է ամբողջ տարվա ընթացքում: Իսկ ինչ վերաբերում է ավելի տնտեսական գործոնների ազդեցությամբ արտահանման դինամիկային՝ Կարապետյանն ասաց. «Դրամի արժևորման արդյունքները դեռ կշարունակենք տեսնել: Այսինքն՝ դա երկարաժամկետ ազդեցություն է ունենում, ցույց է տալիս 2000-ականների մեր փորձը, երբ դրամի արժևորումն այնպիսի հարված հասցրեց արտահանման որոշ ուղղությունների, որ տասնամյակ էր պետք դրանց վերականգնման համար»:

Ինչ վերաբերում է ԵՄ երկրներին, ապա այս տարվա 4 ամսում արտահանումը կազմել է 182 մլն 647.3 հազար դոլար, այս ցուցանիշը ևս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 22.3 տոկոսով: Թեև ընդհանուր առմամբ ԵՄ երկրներ արտահանումը նվազել է, սակայն Եվրամիության որոշ առանձին երկրների դեպքում անգամներով աճ է նկատվում: Օրինակ՝ Հայաստանից Բելգիա արտահանումն աճել է 2.1 անգամ՝ կազմելով 40 մլն 262 հազար դոլար, Բուլղարիա արտահանումն աճել է 2.9 անգամ՝ կազմելով 26 մլն 905.8 հազար դոլար: Էական աճ է արձանագրել նաև Ռումինիա արտահանումը, Հայաստանից 4 ամսում Ռումինիա է արտահանվել 2 մլն 45.9 հազար դոլարի ապրանք, ինչը 2023-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5.9 անգամ: Սակայն, օրինակ, Գերմանիա արտահանումը նվազել է 33.4 տոկոսով՝ կազմելով 20 մլն 762.2 հազար դոլար, Նիդերլանդներ արտահանումը նվազել է 75.3 տոկոսով՝ կազմելով 28 մլն 610.2 հազար դոլար:

Փորձագետը դեպի ԵՄ արտահանման նվազման հիմնական գործոն համարեց փոխարժեքը: Ընդ որում, դրամի արժևորման հետ կապված խնդիրները համարեց տևական՝ կարևորելով ակտիվորեն պետական գործիքակազմերի կիրառման անհրաժեշտությունը: «Իհարկե, տնտեսական աջակցության որոշակի մեխանիզմներ կիրառվում են, բայց, թերևս, դրանց դերը պետք է ավելի բարձրացնել, որ տնտեսության երկարաժամկետ ուղղվածություն ունեցող հատվածները կարողանան հնարավորինս շուտ վերականգնվել այն հարվածից, որ ստացել են դրամի արժևորումից»,-նշեց Կարապետյանը:

Ինչ վերաբերում է արտահանվող ապրանքատեսակներին, ապա այս անգամ ևս Հայաստանից ամենաշատն արտահանվել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր՝ 4 մլրդ 587 մլն 979.3 հազար դոլարի՝ 2023-ի առաջին 4 ամսվա նկատմամբ աճելով 9 անգամ: Կարապետյանը նման մեծ ծավալի աճը պայմանավորեց դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ու որոշ այլ երկրներ թանկարժեք մետաղների ու քարերի վերաարտահանմամբ: «5 մլրդ 990 մլն դոլար արտահանումից 4.5 մլրդ-ը վերաբերում է թանկարժեք մետաղներին ու քարերին: Հունվարին շուրջ 1 մլրդ դոլարի արտահանում ունեինք, դա սենսացիոն թիվ է: Եթե նայենք 2010-ականներին, ապա ամբողջ տարվա ընթացքում ընդամենը 2 մլրդ էինք կարողանում արտահանել, հիմա 1 ամսում 1 մլրդ ենք արտահանում: Սա նաև համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գործընթացների արդյունքն է. տարբեր երկրներ միմյանց նկատմամբ սահմանափակումներ են կիրառում, և առևտրային հոսքերը սկսում են իրենց ավանդական ուղիներից շեղվել և ընդգրկել Հայաստանի նման երկրները: Այդ ծավալներն այնքան մեծ են, որ մեզ համար այսպիսի «պայթեցնող» ազդեցություն են անում»,-ասաց Կարապետյանը: 

Արտահանման ծավալներով հաջորդը մեքենաները, սարքավորումները և մեխանիզմներն են՝ 359 մլն 764.8 հազար դոլարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, սակայն, այն նվազել է 3.3 տոկոսով: Երրորդը հանքահումքային արտադրանքն է՝ 310 մլն  52.4 մլն դոլարով, աճը 19.3 տոկոս է: 

Աննա Գրիգորյան

 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում