ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունը միանշանակ դրական գործընթաց է, որով փաստորեն Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր ամբողջ սպառազինության և ռազմամթերքի ներկրման աղբյուրները, առավել ևս, եթե խոսքը Ֆրանսիայի նման գերհզոր երկրի մասին է։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ռազմական մեկնաբան Նարեկ Ներսիսյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գրառմանը, որի համաձայն՝ հայկական կողմը Eurosatory-ի շրջանակում Ֆրանսիայի հետ կնքել է CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման մասին պայմանագիր։
«Ֆրանսիան ունի բավականին բարձր մակարդակի ռազմարդյունաբերություն և այն երկրների ցանկում է, որոնք կարող են իրենց ապահովել սպառազինության գրեթե ամբողջ տեսականիով»,- ասաց ռազմական մեկնաբանը։
Խոսելով մասնավորապես հայկական կողմին արդեն իսկ մատակարարված Bastion զրահապատ և մարտական մեքենաների մասին՝ Ներսիսյանն ընդգծեց, որ դրանք բավականին մոբիլ մեքենաներ են, կարող են ներդաշնակորեն գործել նաև լեռնային տեղանքում և դրանց օգտագործման ճիշտ կոնցեպտի պարագայում հնարավոր է, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումներում այդ ռազմական մեքենաները գտնեն իրենց տեղը՝ նպաստելով նախանշված խնդիրների լուծմանը։
«Մենք ձեռք ենք բերում նաև CAESAR հրետանային համակարգ, 155 միլիմետր տրամաչափ ունեցող արկեր, որոնց պահանջարկն ամբողջ աշխարհում ահռելի մեծ է, կա նույնիսկ քաղց դրանց նկատմամբ, քանի որ դասվում են հիմնական ռազմամթերքների շարքին։ Նույնիսկ ԱՄՆ-ի արտադրական հզորությունների պայմաններում՝ ամսական հնարավոր է արտադրել նման 28 հազար արկ։ ԵՄ-ն իր հերթին մեկ տարվա ընթացքում կարող է արտադրել մեկ միլիոն հատ»,- ասաց մեր զրուցակիցը։
Ներսիսյանի կարծիքով՝ վերը նշված հրանոթների համապատասխան քանակի արկերի ներկրումը որոշակիորեն կդառնա դժվար, ինչը պայմանավորված է նաև ռուս-ուկրաինական և իսրայելապաղեստինյան հակամարտությունների գոտիներում այդ զինամթերքի մեծաքանակ օգտագործմամբ։
«Ուկրաինան հետևում է արևմտյան, ՆԱՏՕ-ական չափորոշիչներին, ուստի ռազմաճակատում օգտագործում է 155 միլիմետր տրամաչափ ունեցող արկեր։ ԵՄ-ն նախապես խոստացել էր Ուկրաինային մինչև ընթացիկ տարվա վերջ մատակարարել մեկ միլիոն հատ հրետանային արկ, սակայն ցայսօր կարողացել է հատկացնել մոտ 250 հազար հատ արկ։ ԱՄՆ-ն, ցանկանալով ավելի ծավալուն դարձնել իր արտադրությունը, թուրքական ընկերություններից մեկի հետ կնքեց պայմանագիր, որը Միացյալ Նահանգներում բացեց համատեղ արտադրություն իրականացնող գործարան։ Վերոհիշյալ հրանոթների արկերի քանակը խիստ սահմանափակ է այսօր տեղի ունեցող հակամարտությունների պայմաններում։ Համեմատության կարգով՝ ՌԴ-ն իր 152 միլիմետր տրամաչափով արկերի արտադրության քանակը տարեկան հասցրել է չորս միլիոնի։ Պատկերացրեք, թե որքան մեծ է սպառումը և ինչերի են գնում հակամարտող կողմերը։ Մենք նույնպես պետք է Հայաստանում փորձենք հիմնել 155 միլիմետր տրամաչափ ունեցող արկերի ու պահեստամասերի արտադրություն, այլ ոչ թե բավարարվենք միայն դրանք ներկրելով։ Մեզ մոտ սեղմ ժամկետներում այդ արտադրության հիմնումը միանգամայն հնարավոր է»,- ասաց ռազմական մեկնաբանը։
Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի կողմից ձեռք բերված ֆրանսիական և հնդկական հակաօդային պաշտպանության հրթիռները չեն անցնում միջին հեռահարությունը, իսկ եթե ուզում ենք ունենալ հակաօդային արդյունավետ պաշտպանություն, ապա պետք է խթանենք ավիացիայի զարգացումը։
«Անգամ Իսրայելի պես պետությունն այս պահին չգիտի՝ ինչ անել փոքր դրոնների հետ, որոնք կարող են և՛ հետախուզություն իրականացնել, և՛ գրոհային գործողություններ կազմակերպել։ Անօդաչու սարքերը հիմնովին փոխել են ամբողջ տրամաբանությունը, հետևապես մենք պետք է շարժվենք այլ ուղղությամբ։ Իհարկե, չեմ ասում, որ այդ ամբողջը չպետք է ձեռք բերենք, պարզապես պետք է իրականացվի կոմպլեքս աշխատանք։ Մեզ անհրաժեշտ են նաև միջին և հեռահար զենիթային հրթիռներ, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը, որը կարող է ցանկացած պահի ձախողել բանակցություններն ու անցնել ռազմական գործողությունների, իր հերթին գնել է թուրքական «Աքինջի» ծանր հարվածային անօդաչու թռչող սարքեր, իսկ Պակիստանից պատվիրել է կործանիչներ»,- ասաց Ներսիսյանը։
Ռազմական մեկնաբանի խոսքով՝ օդը փակելու կամ օդային տարածքը պաշտպանելու գործում միայն հակաօդային հրթիռներին ապավինելը ճիշտ չէ։ Ռուսաստանն ու Իսրայելն ունեն բավականին արդյունավետ ՀՕՊ համակարգեր, բայց վերջին շրջանում բախվեցին խնդիրների։ Իսրայելական այսպես կոչված օդային գմբեթը նույնիսկ առկա հակազդեցության պայմաններում, երբ Հորդանանի և դաշնակիցների ավիացիայի կողմից հասցվում էին կանխարգելիչ հարվածներ, ամբողջությամբ իրեն չարդարացրեց, որովհետև իրանցիներն, այնուամենայնիվ, որոշակի խոցումներ ապահովեցին։ Այնպես որ միայն հրթիռներով, Ներսիսյանի պնդմամբ, հարց չի լուծվում, անհրաժեշտ են կոմպլեքս լուծումներ։
Խոսելով հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության առթիվ Ադրբեջանի կողմից բարձրացված վայնասունի մասին՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ Բաքուն այդ հանգամանքը պարզապես կարող է որպես առիթ օգտագործել իր հերթական հնարավոր ագրեսիան հիմնավորելու համար, որովհետև ցանկացած ագրեսիայի հիմքում Ադրբեջանը ձգտում է ինչ-որ սին դրդապատճառ դնել։
«Իրականում այս պահին ադրբեջանցիները չունեն մտավախություն, որ հայկական կողմի ձեռք բերած հրանոթները կարող են արմատապես փոխել բալանսը։ Ավելին, նրանց կողմից գնվելիք սպառազինությունը, մասնավորապես պակիստանյան կործանիչներն արդեն կարող են որակ փոխել։ Ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք է հետևողականորեն շարունակի և շատ արագ իրականացնի ռազմական բարեփոխումները՝ ուշադրություն դարձնելով հատկապես ռազմարդյունաբերության մասնավոր սեկտորին։ Մեր ԱԳՆ-ն արդեն պատասխանել է Ադրբեջանին, ինչը կօգնի ժամանակ շահել թանկարժեք ռեֆորմների իրականացման համար»,- ասաց մեր զրուցակիցը։
Ռազմական մեկնաբանը հավելեց, որ Հայաստանն ունի նաև լոգիստիկ հանգույցները զարգացնելու խնդիր, որովհետև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ներկա զարգացումների համատեքստում առաջնային հարցն այն է, թե ինչպես է ձեռք բերված սպառազինությունը բերվելու մեր երկիր։
«Եթե նախկինում որոշակի ճնշումների ներքո կամ որոշակի խոստումների դեպքում վրացական կողմն այսպես թե այնպես խոչընդոտներ չէր հարուցում, ապա Վրաստանում կատարվող ընթացիկ փոփոխությունները կարող են հանգեցնել նրան, որ մենք, հավանաբար, կկորցնենք այդ լոգիստիկ հանգույցը։ Մնում է միայն մեկ լոգիստիկ հանգույց՝ ի դեմս Իրանի։ Այստեղ է, որ մեր իշխանությունները պետք է գործադրեն մեծ ջանքեր, որպեսզի կարողանանք ռազմամթերքը բերել Հայաստան»,- ասաց Ներսիսյանը։
Նախորդ տարվա աշնանը ստորագրված պայմանագրերի միջոցով Ֆրանսիան կարևորում է ռազմական գործընկերությունը Հայաստանի հետ՝ շարունակելով ամրապնդել պաշտպանական ոլորտում առկա հարաբերությունները։
2023 թվականի հոկտեմբերի 23-ին Փարիզում Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարեց առաջին պայմանագրերի մասին՝ Arquus ընկերության 50 Bastion զրահապատ և մարտական մեքենաների, Thalès-ից երեք GM-200 օդային հսկողության ռադարների և MBDA խմբից Mistral հակաօդային հրթիռների մատակարարման վերաբերյալ։
Հայաստանը նաև գերճշգրիտ դիպուկահար ինքնաձիգների գնման պայմանագիր է կնքել ֆրանսիական PGM ընկերության հետ։ Հնարավոր է նաև միջին և մեծ հեռահարության զենիթային հրթիռների մատակարարումը Հայաստանին։
Մանվել Մարգարյան