Թուրքիա

Թուրքիայում հայտնել են, որ օգնել են կանխել Մոսկվայում երկրորդ ահաբեկչությունը «Կրոկուս»-ից հետո

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում հայտնել են, որ օգնել են կանխել Մոսկվայում երկրորդ ահաբեկչությունը «Կրոկուս»-ից հետո

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հետախուզական ծառայությունները ռուսաստանցի գործընկերներին նախազգուշացրել և օգնել են՝ Մոսկվայում կանխելու երկրորդ ահաբեկչությունը՝ «Կրոկուս սիթի հոլ»-ի վրա հարձակումից հետո։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։ 

«Համերգասրահի վրա առաջին հարձակումից հետո ահաբեկչական խմբավորումը պլանավորել էր երկրորդ ահաբեկչությունը: Նրանք ծրագրել էին հարձակվել լեփ-լեցուն  առևտրի կենտրոնի վրա: Թուրքական հետախուզությունը կանխել է այդ երկրորդ խոշոր ահաբեկչությունը՝ կապ հաստատելով Մոսկվայի հետ», - գրել է Hürriyet թերթի մեկնաբան Հանդե Ֆըրաթը:

Ահաբեկչությունն, ըստ Hürriyet-ի տվյալների, նախապատրաստել էին Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Վիլայաթ Խորասան» խմբավորման զինյալները, որը կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ: 

Hurriyet-ը նշում է, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները երկար ժամանակ հետևել են «Վիլայաթ Խորասան» կազմակերպության տեղական մասնաճյուղի գործունեությանը, որը մասնակցել է հունվարի վերջին Ստամբուլի Սուրբ Մարիամ կաթողիկե եկեղեցու վրա հարձակմանը։ Հետախուզական ծառայությունները հարցաքննել են մի քանի անձանց, որից հետո կապ է հաստատվել ռուսական կողմի հետ։

Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ին։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 144 մարդ, վիրավորվել՝ 551-ը: Ահաբեկչության չորս անմիջական կատարողներ ձերբակալված են, ևս հինգ մարդ, ըստ հետաքննության, հանցագործության մեղսակիցներ են։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում