Հասարակական

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան կամրջից ընկել է Հրազդան գետը, զոհվել է 3 մարդ

1 րոպեի ընթերցում

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան կամրջից ընկել է Հրազդան գետը, զոհվել է 3 մարդ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hունիսի 8-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Կ., ծնված 1954 թ․) դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը։

Ըստ աղբյուրի՝ ջրասուզակն ավտոմեքենայի խցիկից դուրս է բերել Լ. Մ.-ի (ծնված 2016 թ․) և Հ. Հ.-ի (ծնված 1963 թ․) դիերը. ջրափրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս է բերվել գետից։

Նշվում է, որ ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել վարորդի դին, մոտեցրել դի տեղափոխող մեքենային և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում