ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը որևէ երկրի հետ բանակցություն չի վարում և չի քննարկում որեւէ ռազմաբազա տեղադրելու, ռազմական որեւէ ալյանսի միանալու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացում՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնար դարձնել համատեղ աշխատանքի վերադարձը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի մյուս երկրների հետ միասնական պաշտպանական տարածքի ստեղծման ուղղությամբ։
«Նախ թող դադարեն մեզ սպառնալ, հերիք եղավ մեզ սպառնան, երկրորդը՝ հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին խոսել, երբ ՀԱՊԿ-ի մասին խոսում են, դրանից առաջ թող գան ասեն, թե ՀԱՊԿ-ի սահմանը որտեղո՞վ է անցնում, ի՞նչ պարտավորություններ ունեն թե որպես ՀԱՊԿ գործընկեր, թե որպես ՀՀ-ՌԴ պայմանագրի կողմ։ Հայաստանը որեւէ երկրի հետ բանակցություն չի վարում, չի քննարկում որեւէ ռազմաբազա տեղադրելու, ռազմական որեւէ ալյանսի միանալու վերաբերյալ»,- ընդգծեց ԱԺ նախագահը։
Նա աբսուրդ համարեց ՌԴ ԱԳ փոխնախարար կողմից ասված նաև այն միտքը, որ Հայաստանը Արևմուտքի որոշ երկրների կարող է ազգային տվյալների բազաների վերաբերյալ տվյալներ փոխանցել:
«Աբսուրդ եմ որակում ազգային տվյալների բազաների վերաբերյալ տվյալների փոխանցումը: Հերիք է՝ մեզ հետ կապված նման հռետորաբանությամբ խոսել, հերիք է մեզ սպառնալ, ուղիղ եւ անուղղակի իրենց այդ քարոզիչներով, հայկական ազգանուն ունեցող մանկուրտներով, որոնք վճարվում են դրա համար: Դա մեր երկրի, հասարակության վրա չի ազդում, հակառակ էֆեկտն է ունենում: Մենք դրան ոչ ծանոթանում ենք, ոչ էլ դրանով առաջնորդվում»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ եթե ՀՀ արտգործնախարարությունը ճիշտ կհամարի, ապա կարձագանքի այդ մտքերին: