Ինովացիա

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ. Գիտուժ

3 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ. Գիտուժ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում 2024 թվականին կստեղծվի գիտության հանրահռչակման համազգային հարթակ՝ Գիտության շաբաթ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գիտուժ» նախաձեռնության գրասենյակից, մանրամասնելով, որ Գիտության շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել քննադատական մտքի և գիտելիքահենք դիսկուրսի զարգացումը:

Գիտության շաբաթն անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը։

Հայաստանում առաջին Գիտության շաբաթը խորհրդանշելու է գիտության և հասարակության միջև կապը։

«Մոտեցնելով գիտությունը հասարակությանը». սա և՛ այս տարվա թեման է, և՛ այն առանցքային նպատակը, որին ուղղված է լինելու Գիտության շաբաթ նախագիծը։

Գիտության շաբաթվա ընթացքում նախատեսվում է անցկացնել ապակենտրոնացված միջոցառումներ մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում: Երևանի Ազատության հրապարակում բոլոր 6 օրերի ընթացքում տեղի կունենա Գիտության փառատոն, որը բաժանված է լինելու 3 թեմատիկ մասերի.

1. Գիտությունն ամենուրեք է՝ հոկտեմբերի 1-2

2. Մասնագիտական կողմնորոշում՝ հոկտեմբերի 3-4

3. Գիտական Ֆանտաստիկա՝ հոկտեմբերի 5-6

Գիտության շաբաթ նախագիծը միջազգային ձևաչափ է։ Այն նախաձեռնել և իրականացնելու է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ։

Գիտուժ նախաձեռնության առաքելությունն է հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։ Գիտության հանրահռչակման համազգային միասնական հարթակ ստեղծելն այս առաքելությանը հասնելու կարևոր քայլերից մեկն է։

Գիտուժի մասին.

Գիտուժը հանրային նախաձեռնություն է, որը ձևավորվել է 2021 թվականին։ Այս պահին ավելի քան 190 ընկերությունների հիմնադիրներ և ձեռներեցներ, ինչպես նաև 24 ասոցիացիաներ ու հիմնադրամներ տեխնոլոգիական, բիզնես և այլ համայնքներից միավորվել են «Գիտուժ»-ի օրակարգի շուրջ: Նշենք, որ համայնքը շարունակում է անընդհատ մեծանալ։

Գիտուժի օրակարգը բյուրեղացված է իր առաքելության և տեսլականի մեջ։

Հայաստանում գիտության/ԳՀՓԿ աշխատանքների քաղաքականության մշակման, պետական հատկացումների ավելացման, ինչպես նաև գիտության հանրահռչակման համար «Գիտուժ» նախաձեռնության ջանքերը խթան են հանդիսացել այս օրակարգում մի շարք առաջընթացների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում