Մոսկվան վերահաստատել է Երևանի և Բաքվի հաշտեցմանն աջակցելու պատրաստակամությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը վերահաստատել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հաշտեցմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ պաշտոնյայի խոսքերը։

Նա նշել է, որ ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել մայիսի 10-11-ը Ղազախստանում։

«Դրա անցկացումը կողմերին հնարավորություն տվեց առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ճանապարհով։ Եվս մեկ կարևոր քայլ է արվել այս ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք շարունակել լիարժեք աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու նպատակով»,- ընդգծել է Գալուզինը։

Դիվանագետը բարձր է գնահատել նաև Աստանայի դերը, որը հարթակ է տրամադրել հայ-ադրբեջանական շփումների համար։

«Կարևոր է, որ նման հանդիպումները համահունչ են ընթանում 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերին, որոնք, խաղաղության պայմանագրի կնքումից զատ, նախատեսում են Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, ընդհանուր սահմանի սահմանազատում, քաղաքացիական հասարակությունների միջոցով շփումների զարգացում»,- նշել է Գալուզինը:

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 10-11-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:

Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:

Այցի ընթացքում նախարարներն առանձին և երկկողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։

Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար:

Հայերեն العربية English Русский Türkçe

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել