Միջազգային

Սի Ծինփինը կոչ է արել Գազային նվիրված միջազգային խորհրդաժողով անցկացնել

2 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը կոչ է արել Գազային նվիրված միջազգային խորհրդաժողով անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել ընդգրկուն խաղաղության խորհրդաժողով անցկացնել՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմը դադարեցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Չինաստանի ղեկավարն այս մասին խոսել է Պեկինում Չինաստան-Արաբական երկրներ համագործակցության համաժողովի շրջանակներում։

«Մերձավոր Արևելքը զարգացման լայն հեռանկարներ ունեցող երկիր է, բայց այնտեղ դեռևս մոլեգնում է պատերազմը.... Պատերազմը չի կարող անվերջ շարունակվել, արդարադատությունը չի կարող ընդմիշտ բացակայել, իսկ երկու պետությունների ստեղծմամբ խնդիրը լուծելու հանձնառությունը չի կարելի կամայականորեն խախտել», - նրա խոսքերն է մեջբերում Չինաստանի արտգործնախարարությունը։

Սի Ծինփինի խոսքով` Չինաստանը հաստատուն կերպով աջակցում է 1967 թ. սահմաններում Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով լիակատար ինքնիշխանությամբ անկախ Պաղեստին պետության ստեղծմանը, աջակցում է Պաղեստինի անդամակցությանը ՄԱԿ-ին՝ որպես լիիրավ անդամ, և օժանդակում ավելի ընդգրկուն, հեղինակավոր և արդյունավետ միջազգային խաղաղության խորհրդաժողովի անցկացմանը։

Չինաստանի ղեկավարը հայտնել է, որ ի լրումն 100 մլն յուանի (13,8 մլն դոլար) արտակարգ հումանիտար օգնության, Պեկինը կտրամադրի լրացուցիչ 500 մլն յուանի (68,96 մլն դոլար) օգնություն՝ Գազայի հատվածում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման համար։ Բացի այդ, Չինաստանը 3 մլն դոլար կտրամադրի ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությանը՝ Գազայում արտակարգ հումանիտար օգնության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում