ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վիրտուոզ դաշնակահար, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը «Թագավորություն» սինգլով ազդարարել է «Հազարան բլբուլ» նախագծի մեկնարկի մասին։ Նախագծի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հայ բանաստեղծ Սերինեի «Հազարան բլբուլ» պոեմը։ Այս առասպելական թռչունը հանդիպում է շատ մշակույթներում և հաճախ հանդես է գալիս որպես հարության, զարթոնքի, ներդաշնակության խորհրդանիշ: Հայկական ավանդության մեջ թռչունի ուժը նաև նրա երգի մեջ է։
«Ես սպասում էի այս նախագծին հինգ տարի և այն պատրաստել եմ մի քանի անհավանական միջազգային արտիստների հետ համագործակցությամբ:
Սա պարզապես նախագիծ, ալբոմ կամ համերգ չէ, սա ավելին է ... Այս ամենի ակունքում հին առասպել է, որը յուրօրինակ ուժ ունի ցույց տալու դեպի սեփական ինքնությունը բացահայտող ամենախորը շերտեր տանող ճանապարհը և վերափոխելու ձեզ՝ օգնելով բացահայտել, թե ինչի եք ընդունակ հասնել և ինչ պետք է բերեք այս աշխարհ։
Ձեզ սպասվում է կարևոր փնտրտուք, ճամփորդություն, որը ձեր փոխարեն ոչ ոք չի կարող անել։ Փնտրտուք խորհրդավոր և աստվածային երգի, որի մասին երազում են բոլորը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Համասյանը՝ հրապարակելով «Հազարան բլբուլ» խաղի թիզերը և «bird1000.com» նախագծի կայքէջը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Հազարան բլբուլ» նախագծի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Ռուբեն Վան Լերն է, որը հայտնի է գեղեցիկ, նորարարական մուլտիմեդիա նախագծերի մշակմամբ, իսկ նկարիչն է Խորեն Մաթևոսյանը, անիմացիայի վրա աշխատել է Աստղիկ Հարությունյանը։
Համասյանի՝ բոլորովին նոր դաշնամուրային երաժշտության, Արենի Աղբաբյանի ձայնի և ինտերակտիվ լուսային ինստալյացիայի միջոցով կյանքի է կոչվում վիրտուոզ ջազ-դաշնակահարի՝ մանկուց սիրելի առասպելը:
«Այս պատմությունն ինձ ասում է՝ եթե մենք ուզում ենք փոխել աշխարհը, բոլորս պետք է անհատապես փոխվենք: Տիպիկ հայկական հեքիաթը երկար ժամանակ շատ հայտնի չի եղել, բայց ես զգում եմ, որ ժամանակն է աշխարհին ներկայացնել հենց այս պատմությունը՝ իր հոգևոր զարթոնքի համընդհանուր ուղերձով»,- ասել է Համասյանը Holland փառատոնի շրջանակում։