ԱՄՆ հանձնակատարը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ անհանգստություն է հայտնել Իրանի միջուկային մշակումների առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնակատար Աբրամ Փեյլին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին քննարկել են Թեհրանի միջուկային մշակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վիեննայում Փեյլիի ու Գրոսիի հանդիպման մասին մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք նախկինի նման լրջորեն անհանգստացած ենք Իրանի միջուկային ծրագրի շարունակական ընդլայնմամբ այնպիսի ձևերով, որոնք չունեն վստահելի քաղաքացիական ուղղվածություն, ներառյալ՝ բարձր հարստացված ուրանի շարունակվող արտադրությունը», - ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Ըստ Միլլերի՝ հանդիպման ժամանակ կողմերը նաև մտահոգություն են հայտնել Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ի հետ «համագործակցության լուրջ պակասի» շուրջ։

Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը օրերս հայտնել էր, որ Իրանում ուրանի մինչև 60 % հարստացումը Վաշինգտոնում համարում են ռազմական բնույթ կրող, բայց տրամադրված են խնդրի քաղաքական-դիվանագիտական ​​լուծման:

2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամները և Գերմանիան Իրանի հետ ստորագրեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը նպատակաուղղված էր հաղթահարելու Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ստեղծված ճգնաժամը: ԱՄՆ նախորդ նախագահ հանրապետական ​​Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշեց դուրս գալ այս համաձայնագրից։ Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար դեմոկրատ Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքին: Այս հարցի շուրջ Վիեննայում անցկացված բանակցությունները, սակայն, ձախողվել են։

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս