Քաղաքականություն

Ռուսաստանն ազատ է արձակել Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցուն

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ազատ է արձակել Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցուն

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին, որը Ռուսաստանի իրավապահների կողմից ձերբակալվել էր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, ազատ է արձակվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Զեյնալիի փաստաբան Ալեքբեր Գարաևը։

Գարաևն ավելի վաղ ասել էր, որ Զեյնալիին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 135-րդ (մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ), 147-րդ (վարձկանությունը) և 149-րդ (ռազմական ագրեսիան) հոդվածներով։

Ավելի վաղ Քամիլ Զեյնալին «Ինստագրամ»-ի իր էջում տեսաուղերձ էր հրապարակել՝ հայտնելով, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում։ Նա ասել էր, որ ՌԴ իրավապահները իրեն հայտնել են, որ Հայաստանի կողմից իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ Մոսկվայում Զեյնալիի ձերբակալման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դատախազությունը չունի։

ՀՀ ՆԳՆ խոսնակ Արամ Սարգսյանն էլ «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Հայաստանը Քամիլ Զեյնալիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ սպանության մեղադրանքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում