ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոը փետրվարի 17-ին, ժամը 23։50-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 9 հասեցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելփակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Tesla» մակնիշի (վարորդ՝ Ն. Ղ., ծնված 1998 թ․) ավտոմեքենան և «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1960 թ․)․ վերջինս կողաշրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության բժշկին հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, իսկ վարորդին՝ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։
Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել շտապօգնության ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։