ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները խորանում են, այդ թվում նաև՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման պայմաններում և շնորհիվ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին բրիտանական «The Telegraph»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ներկայում իրագործման փուլում է։
«Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները սերտանում են նաև այն պատճառով, որ, միջազգային հանրության գնահատականով, մենք տեսանելի հաջողություններ ունենք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին»,- նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է ժողովրդից ստացած պատգամները, որոնցից են, առաջին հերթին, ժողովրդավարական բարեփոխումները:
«Եվ ժողովրդավարությունը, ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական հանրության զարգացումը մեզ համար ուղղակի հանգամանքների բերումով առաջացած օրակարգեր չեն: Ես բազմիցս եմ հայտարարել, որ դա մեզ համար ռազմավարություն է, և Եվրոպական խորհրդարանում իմ ունեցած ելույթում ասացի, որ մենք շարունակելու ենք այդ ռազմավարությունների իրականացումը, շարունակելու ենք այդ բարեփոխումները: Եվ ասացի, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»,- ընդգծել է Փաշինյանը:
Նա ուշադրություն է հրավիրել այն կարևոր փաստի վրա, որ տարածաշրջանում վերջին ամիսներին շատ էական իրադարձություն է տեղի ունեցել. անմիջական հարևան և բարեկամ Վրաստանը դարձել է Եվրամիության անդամության թեկնածու։
ՀՀ վարչապետի կարծիքով՝ Հայաստանի համար շատ կարևոր և էական է դիրքավորվել այդ իրադարձության շուրջ։
Փաշինյանի համոզմամբ՝ դա մի իրադարձություն է, որ անխուսափելիորեն նաև ազդեցություն կունենա տարածաշրջանի ընդհանուր պատկերի և մթնոլորտի վրա։