Տարածաշրջանային

Իրանը կոշտ պատասխան կտա իրեն սպառնացողներին. Էբրահիմ Ռայիսի

2 րոպեի ընթերցում

Իրանը կոշտ պատասխան կտա իրեն սպառնացողներին. Էբրահիմ Ռայիսի

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը չի ցանկանում պատերազմ սկսել, սակայն կոշտ պատասխան կտա, եթե որևէ մեկը ցանկանա սպառնալ իրեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հորմոզգան նահանգում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին:

«Բազմիցս ենք ասել, որ չենք սկսելու որևէ պատերազմ: Սակայն եթե որևէ երկիր կամ ուժ ցանկանա վախեցնել մեզ, ապա կարժանանա Իրանի Իսլամական Հանրապետության կոշտ և հեղինակավոր պատասխանին: Իրանի ռազմական հզորությունը սպառնալիք չէ տարածաշրջանի որևէ երկրի համար, մեր ուժն ավելի շուտ անվտանգության գրավական է, որին կարող են ապավինել տարածաշրջանի երկրները: Ռազմական գործիքները մասն են մեր ռազմական հզորության, որի հիմքը հավատքի բարձրագույն ուժն է: Անցյալում են մնացել ժամանակները, երբ այլ երկրները ցանկանում էին սպառնալիքների լեզվով խոսել մուսուլմանական Իրանի հետ կամ վախեցնել ռազմական սցենարով: Իրանը կտրուկ պատասխան կտա իրեն վախեցնողներին», - Ռայիսիի խոսքերն է մեջբերում IRNA-ն:

Հունվարի 28-ին անօդաչու թռչող սարքով հարված էր հասցվել Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող ԱՄՆ ռազմակայանին, որի հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել՝ ավելի քան 40 ամերիկացի զինծառայող: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման պատասխանատու է անվանել Իրանին՝ «հարվածները հասցնող խմբավորումներին զենք մատակարարելու համար»։ Իրանը հայտարարել է, որ առնչություն չունի այդ հարձակմանը։

Հունվարի 30-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ կողմնորոշվել է Հորդանանի և Սիրիայի սահմանին ամերիկյան ռազմակայանի վրա հարձակմանն արձագանքելու պատասխան քայլերի հարցում: Ամերիկյան Politico թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ի թիվս այլ տարբերակների դիտարկվում է Իրաքում և Սիրիայում իրանական զորքերին հարվածելու հնարավորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում