Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը մարդու իրավունքների վերաբերյալ Իլհամ Ալիևի տեսլականին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսլականին մարդու իրավունքների վերաբերյալ, որն արտացոլված է վերջինիս նախընտրական ծրագրում։

«Արմենպրես»-ը ներկայացնում է Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության տարածած հայտարարությունն ամբողջությամբ։

«Իր նախընտրական ծրագրում Ադրբեջանի գործող նախագահը, ով հանդիսանում է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված պատերազմական հանցանքների, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակման, 2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտման գլխավոր ճարտարապետը, նախատեսում է բարեփոխումներ կատարել մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման ոլորտում։

Այս ուղղությամբ Ադրբեջանի նախագահի «տեսլականը» նման է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրության աչքերին փոշի փչելուն, որովհետև նա նախատեսում է «Մարդու իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության ոլորտում գործունեության շարունակական զարգացում, մարդու իրավունքների խթանում, քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությանը պետական աջակցության շարունակականություն, նախկին հարկադիր վերաբնակների՝ օկուպացիայից ազատված իրենց հայրենիքներ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքի ապահովում, հանդուրժողականության և բազմամշակութային արժեքների խթանում» և այլն։ Նման նպատակներ «սահմանվում» են մի երկրում, որը՝ ըստ 2020 թ․ Բարոյական ազատության միջազգային ինդեքսի, աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 113-րդ հորիզոնականը (160-ից), մի երկրում, որտեղ քաղաքացիական ազատությունների ցուցանիշը 2006թ․ 5,6-ից 2022 թ․ նվազել է 2,6-ի, ընտրությունների ժողովրդավարության ցուցանիշը 1992 թ․ 0,36-ի համեմատ 2022 թ․ նվազել է մինչև 0,19, քաղաքական ազատությունների վերջին 20 տարիների ադրբեջանական ցուցանիշը զրոյական է, մամուլի ազատության ցուցանիշով Ադրբեջանը կրկնակի զիջում է Հայաստանին և Վրաստանին։

Ադրբեջանը վերջին 20 տարիների ընթացքում, որը համընկնում է Իլհամ Ալիևի պաշտոնավարմանը, վերածվել է մարդկանց հսկայական բանտախցի, որտեղ շարունակաբար սովորեցնում են աներկբայորեն ենթարկվել իշխող բռնապետությանը և ատել հարևաններին, մասնավորապես՝ հայերին։ Նման ատելության դասերի արդյունքներին քաղաքակիրթ աշխարհը ականատես եղավ ի դեմս վերջին երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայության դեմ կատարված անդառնալի հանցանքների։ Հետևապես մարդու իրավունքների խթանումը Ադրբեջանում պետք է սկսվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար, ինչպես նաև պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից 1988-1992 թթ․ բռնագաղթեցված ավելի քան կես միլիոն հայության վերադարձի և ոտնահարված բոլոր իրավունքների ճանաչմամբ և դրանց վերականգնման ուղղությամբ գործնական քայլերի կատարմամբ։ Անհնար է խոսել հանդուրժողականության և բազմամշակութային արժեքների խթանման մասին, երբ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի ողջ հայկական մշակութային ժառանգությունը բարբարոսաբար ոչնչացվել է և այս մշակութասպան վարքը չի արժանացել համապատասխան գնահատականի։ Բազմամշակութային արժեքների խթանումը պետք է սկսվի պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածք UNESCO-ի փաստահավաք խումբ ուղարկելուց և հայկական մշակութային հոգևոր-կրոնական ժառանգության կամ դրա մնացորդների վիճակի արձանագրելուց, իսկ Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության նկատմամբ հատուկ պահպանություն սահմանելուց։

Խիստ վիճարկելի է՝ արդյոք Ադրբեջանը ունի բավարար կամք և ցանկություն մարդու իրավունքների պաշտպանությունը նախընտրական ծրագրից գործնական հողի վրա դնելու համար։ Տասնամյակներ շարունակ ժխտողականության և ազգայնականության ախտով կերակրված հանրությունն ի զորու չէ հաշվի նստել կատարած հանցանքների իրողության հետ։ Ուստի միայն գործնական զսպիչ, կանխարգելիչ և պարտավորեցնող մեխանիզմներն են, որ կարող են Ադրբեջանին հրավիրել քննարկումների սեղանի շուրջ։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կրկին կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել՝ զսպելու ծավալապաշտական նեոազգայնականության վերարտադրությունը, որը դամոկլյան սրի պես կախված է համաշխարհային հանրության, մասնավորապես տարածաշրջանային երկրների ու ժողովուրդների գլխին»։

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա