Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է
1 րոպեի ընթերցում

Ռեակտիվ շարժիչով ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի Հյուսիսային կամրջին, որը միմյանց է կապում Դնեպր գետի աջ և ձախ ափերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին սոցիալական ցանցում գրառում է կատարել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Հյուսիսային կամրջի վրա վնասվել են ճանապարհի ծածկույթը և տրոլեյբուսի կոնտակտային ցանցը։ Կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Մայրաքաղաքը շատ լարված իրավիճակում է, և այլևս հնարավոր չէ ձևացնել, թե կարող ենք ապրել այնպես, ինչպես խաղաղ ժամանակ»,-գրել է Կլիչկոն։
Ավելի վաղ Կիևի քաղաքապետը հայտարարել էր, որ քաղաքն այժմ պետք է ապրի պատերազմական պայմաններում։
Ռուսական ԱԹՍ-ի հարվածից հետո Կիևի գլխավոր մայրուղիներում մեքենաների և ավտոբուսների երկար խցանումներ են գոյացել, քաղաքի բնակիչները փնտրում են այլընտրանքային երթուղիներ կամ ճանապարհը շարունակում են ոտքով։