Քաղաքականություն

Երևանն ակնկալում է Հունաստանի աջակցությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման գործընթացում

3 րոպեի ընթերցում

Երևանն ակնկալում է Հունաստանի աջակցությունը ԵՄ-ի հետ  հարաբերությունների խորացման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Հունաստանի երկկողմ օրակարգը բավականին հարուստ է բոլոր ոլորտներում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նախարարի խոսքով՝ իր հույն գործընկերոջ այցը Հայաստանի համար կարևոր էր այս ժամանակաշրջանում։

«Հայ և հույն ժողովուրդների միջև բարեկամությունը, իհարկե, գալիս է դարերի և հազարամյակների խորքից․ հայկական և հունական պետությունները սերտ համագործակցել են պատմության տարբեր դրվագներում։ Անդրադառնալով ժամանակակից պատմությանը՝ Հայաստանը Հունաստանի հետ անցած 30 տարիների ընթացքում հաջողել է կառուցել ամուր գործընկերային, բարեկամական հարաբերություններ։ Մեր օրակարգը բավականին հարուստ է բոլոր ոլորտներում։ Ինչ վերաբերվում է մեր այսօրվա հանդիպմանը, այն ևս շատ լավ հնարավորություն էր անդրադառնալ այդ օրակարգին, նոր լիցք հաղորդել հարաբերություններին, մի քայլ առաջ մղել մեր ինտեսիվ քաղաքական երկխոսությունը, անդրադառնալ բազմաթիվ թեմաների՝ տնտեսությունից, անվտանգությունից, պաշտպանությունից մինչև մշակույթ։ Մենք նախանշեցինք նաև այս տարվա համար գործողությունները և յուրօրինակ ճանապարհային քարտեզ՝ բարձրաստիճան պաշտոնական այցելություններից սկսած և ավարտած տարբեր ոլորտներում միջոցառումներով։ Իհարկե, այստեղ շատ մեծ դեր կարող է ունենալ տարվա առաջին կիսամյակում նախատեսվող միջկառավարական հանձնաժողովի նիստը»,- ասաց Միրզոյանը։

Արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացում Հունաստանի կողմից ցուցաբերվող աջակցության համար։

«Մենք իսկապես տրամադրված ենք զարգացնել այդ հարաբերությունները՝ հիմնված այն արժեքների վրա, որ մենք կիսում ենք Հայաստանում, Հունաստանում, Եվրոպական Միությունում։ Խոսքը ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և մյուս արժեքների մասին է։ Ես ակնկալում եմ Հունաստանի հետագա աջակցությունն այս գործընթացում ևս»,- եզրափակեց Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում