ԵՐԵՎԱՆ,8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարության անելիքները քրեակատարողական ծառայությունում շատ-շատ են։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հունվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Եթե 2023 թվականը համարում եմ ինստիտուցիոնալ կայացման առումով հաջողված տարի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար, ապա 2024 թվականը հայտարարում եմ Քրեակատարողական ծառայությունն ուշադրության կենտրոնում պահելու տարի։
Ի ուրախություն ինձ՝ 2023 թվականի ավարտին ունեցանք շատ լավ նշանակում Քրեակատարողական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների կազմում։ Հատկապես Ամբակում Գրիգորյանի նշանակումը ծառայության պետի պաշտոնում ինձ մեծ հույս է ներշնչում, որ այնտեղ շատ արագ դրական ցուցանիշներ ենք կարողանալու ապահովել»,- ասաց Մինասյանը։
Նախարարը ներկայացրեց, թե առաջիկայում ինչ աշխատանքներ են իրականացվելու քրեական ենթամշակույթի դեմ պայքարի գործում։
«Առաջինը՝ որակյալ կադրերի ապահովում ատեստավորման համակարգի ներդրմամբ։ Այս տարվա գարնանից սկսելու բարձր աշխատավարձով լուրջ կադրեր ներդնել համակարգ։ Եվ երկրորդը՝ անզիջում պայքար քրեական ենթամշակույթի դեմ»,- ասաց Մինասյանը։