Ձմռանը տաք եղանակային պայմաններն ազդում են երկրի ջրային պաշարների վրա
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում 2013 թվականից գրանցվում են միջինից ցածր ջրայնությամբ սակավաջուր տարիներ։ Այդ համատեքստում 2023 թվականն անմասն չմնաց։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ դրա հիմանական պատճառն այն է, որ հանրապետությունում ձմռան ամիսներին գրանցվում է բարձր ջերմային ֆոն։ Դա բացասական ազդեցություն է թողնում ձնակուտակման վրա։
«Լեռնային շրջաններում ձյան պաշարներ քիչ են կուտակվում։ Առանձին լեռնային շրջաններում նույնիսկ տեղումները լինում են անձրևի տեսքով։ Մենք, օրինակ, պետք է 1700 մետրից բարձր հատվածում ունենայինք ձնածածկույթ, բայց այսօրվա դրությամբ չունենք։ Դրանից բացի, վերջին տարիներին ապրիլ, մայիս ամիսներին նկատվում է ցածր ջերմաստիճանային ֆոն, ինչը ձնհալքի տեսանկյունից շատ բացասական է»,-ասաց Լևոն Ազիզյանը։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենն ընդգծեց, որ ապրիլ, մայիս ամիսները ձնհալքի հիմնական շրջանն են, և ցածր ջերմաստիճանային ֆոնով պայմանավորված ձնհալքը տեղի է ունենում աստիճանական՝ առանց էական հոսք առաջացնելու։
Ներկայացնելով ջրային ռեսուրսների ու ջրամբարների լցվածության այս տարվա ցուցանիշները՝ Լևոն Ազիզյանը նշեց, որ մոտ 35 տոկոսով ցածր է եղել 2022 թվականի համեմատ։ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը, ընդհանուր առմամբ բաց է թողնվել 228 մլն 234 հազար խմ ջուր, որը 63 մլն-ով ավելին է 2022 թվականի ցուցանիշից։