Հեռանալիս յուրաքանչյուր մարդ դատարկ տեղ է թողնում. Դավիթ Սամվելյանն իր բանաստեղծություններն ամփոփել է մեկ գրքում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող Դավիթ Սամվելյանն օրերս լույս է ընծայել «Ունայնություն ըստ սերերի» բանաստեղծությունների ժողովածուն, որում տեղ են գտել հեղինակի՝ տարբեր տարիներին գրված ստեղծագործությունները:

Սամվելյանը, որն իր արձակ գործերն ամփոփել է «4-րդ փողոց» գրքում, խոստովանում է՝ իրեն հարգող ամեն արձակագիր սկսել է բանաստեղծությունից, ուստի անհրաժեշտ էր նաև այդ ժանրի ստեղծագործություններին գրքով անդրադառնալ։

Գիրքն ունի երեք բաժին` «Լեռան տակի քարոզ», «Ունայնություն ըստ սերերի» բանաստեղծական շարքերը, որոնցում տեղ են գտել ­2009-2022 թվականներին գրված գործեր և «Վի-վա» նամակագրական ժանրի էսսեն:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սամվելյանն, անդրադառնալով բաժինների վերնագրերին, նշում է. «Բոլորը գիտեն «լեռան քարոզ» արտահայտությունը: Ես լեռան քարոզ անել չեմ կարողանա, լավագույն դեպքում սիրո մասին կքարոզեմ լեռան տակից, իսկ «Ունայնություն ըստ սերերի» վերնագիրը հիշեցնում է «Ավետարան ըստ Մատթեոսի», «Ավետարան ըստ Հովհաննեսի» և այլն: Վերնագիրը հուշում է, որ գիրքը սիրո մասին է, բայց այն նաև սիրուց հետո մնացող ունայնությունների մասին է»,-նշում է նա և հավելում՝ երկու բաժիններում և՛ ժամանակային, և՛ իմաստային առումով սկիզբ, զարգացում և վերջ կա:

«Վի-վա» բաժնում բանաստեղծական արձակ է, որում Սամվելյանն ամփոփել է իր ստեղծագործական սկիզբն ու շարունակությունը:

«Ի սկզբանե բանաստեղծություններ եմ գրել, հետո անցել եմ բանաստեղծական արձակին, հետո՝ պատմվածք, վեպ, վիպակ: Իմ նախորդ գրքերից երեքը՝ «Ռոդենի ձմեռը», «Արտագաղթած կարոտ»-ը, «ՀակաՔԱՂԱՔական»-ն, այլևս չեն հրատարակվում, որովհետև անօրինական տարածվեցին առցանց տիրույթում: Այդ գրքերում տեղ գտած պատմվածքները որոշ խմբագրումներով, հավելումներով ամփոփվեցին «4-րդ փողոց» գրքում: Վերոնշյալ գրքերում կային «Հավելված» բաժիններ, որտեղ ներառվում էին բանաստեղծություններ, և ես չցանկացա դրանք օդում թողնել ու բավարարվել ինտերնետային հրապարակումներով: Ծնվեցին նաև նոր բանաստեղծություններ, և բոլոր գործերը տեղ գտան «Ունայնություն ըստ սերերի» գրքում»,-պատմում է հեղինակը:

Դավիթ Սամվելյանը բանաստեղծություն է գրում, երբ երկար գրելու ժամանակ չի ունենում: Նրա խոսքով՝ պոեզիայի մեծ մասը հայրենիքին կամ սիրուն են նվիրված: Ինքը հայրենիքին նվիրված բանաստեղծություններ չի գրում՝ կարծելով, որ հայրենիքի նկատմամբ սերը պետք չէ արտահայտել միայն բանաստեղծությամբ. գործով է հարկավոր դա անել:

«Իմ բանաստեղծությունների մեծ մասը ներքին ապրումների ու սիրո մասին են. «Ունայնություն ըստ սերերի», որովհետև մեր ժամանակներում շատ հաճախ են ունայն սերեր լինում: Սերեր կան, որ կարճ են տևում: Քո կյանք մտնող յուրաքանչյուր մարդ հեռանալիս դատարկ տեղ է թողնում, որը ոչ ոք չի լրացնում. և՛ ստանում ես, և՛ տալիս ես: Ունայն սերերի դեպքում չես ստանում, լեցուն սերերի չլինելու դեպքում էլ դատարկվում ես»,-հավաստիացնում է հեղինակն ու խոստովանում՝ վաղուց հաճախ չի սիրահարվում: Ըստ նրա՝ որքան շատ բան ես իմանում, որքան շատ էմոցիա ես զգացած լինում, այնքան դժվար է քեզ ինչ-որ բանով զարմացնելն ու գերելը, սրտիդ դիպչելը:

«Ունայնություն ըստ սերերի» գիրքը տպագրվել է սահմանափակ քանակությամբ և գրախանութներում չի լինելու (առավելագույնը 1 տեղում կլինի): «Գրախանութները միշտ ասում են, որ պոեզիա չի վաճառվում, մարդիկ միայն առցանց հարթակում են պոեզիա կարդում, ուստի որոշեցի գիրքը չհանձնել գրախանութներին»,-նշում է Դավիթ Սամվելյանը, իսկ երբ խնդրում եմ հիշել ժողովածուի գեղեցիկ տողերից մեկը, նա մեջբերում է. «Իսկ մենք գլուխներս կորցրել ու սեր ենք փնտրում դատարկ և ունայն քաղաքում»:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

Հայերեն

Գավառի համայնքապետարանը կապիտալ ու ընթացիկ դրամաշնորհներ է հատկացրել համայնքային 10 գրադարանի

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի քննարկումները

ԹՐԻՓՓ-ից առավելություններ են ստանալու տարածաշրջանի բոլոր երկրները. Փաշինյան

Եվրահանձնաժողովն առաջարկում է արգելել սոցցանցերի օգտագործումը մինչև 13 տարեկան երեխաների համար

ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել

Ձկնորսները փակել են Նիսի նավահանգիստը

Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակվում է հարաբերությունների գույքագրման գործընթացը. Փաշինյան

Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան