Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 29-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպումը կայացել է ք. Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ցուցաբերած ոչ կառուցողական կեցվածքին, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանն ու առկա հումանիտար խնդիրներին՝ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները՝ հայտնի սկզբունքներին համապատասխան, և վերջիններիս Ադրբեջանի հստակ հանձնառության պարագայում հնարավոր կլինի նախագծի համաձայնեցման ուղղությամբ գրանցել էական առաջընթաց։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ծրագրերի, որոնց համատեքստում նախարար Միրզոյանը վկայակոչել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով նաև տարածաշրջանի կայունության համար դրա իրականացման արդյունքում ակնկալվող առավելությունները։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա համագործակցության ու դրա ընդլայնման հեռանկարների շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում