Քաղաքականություն

ԱԳ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

3 րոպեի ընթերցում

ԱԳ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական Միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ:

2.jpg (137 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն օրակարգի հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել զարգացման հեռանկարներին:

5.jpg (211 KB)

Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել օրեր առաջ Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստի անցկացմանը, Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը, ինչպես նաև Հայաստանում բարեփոխումների օրակարգին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությանը՝ ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությանը համահունչ:

4.jpg (229 KB)

Ըստ աղբյուրի՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և մարդկանց միջև շփումների ակտիվացման համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ առկա դրական դինամիկան վերջնական որոշման կայացմանն ուղղորդելու կարևորությունը:

«Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը: Նախարարն ընդգծել է, որ այն հիմնված է այն հիմնական սկզբունքների վրա, որոնք իրենց արտացոլումն են գտել նաև հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում կայացած քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ և վերաբերում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, սահմանազատմանն ու տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը:

Արարատ Միրզոյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում դրված՝ տարածաշրջանում կապուղիների արդյունավետ ապաշրջափակման և շահավետ փոխկապակցվածության ձևավորման տեսլականը, ինչը կարող է նաև խաղաղության երաշխիք դառնալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

3.jpg (172 KB)

Նշվում է, որ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սեպտեմբերին իրականացված լայնածավալ ռազմական հարձակմանը և դրա հետևանքով ԼՂ լիակատար էթնիկ զտմանը՝ նախարար Միրզոյանը մասնավորապես նշել է Հայաստան բռնի տեղահանված ԼՂ հայության կարիքների և իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում