Քաղաքականություն

ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և ՀՀ երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառել ընդունելի երրորդ երկրի․ Փաշինյան

7 րոպեի ընթերցում

ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և ՀՀ երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառել ընդունելի երրորդ երկրի․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարմանը Ռուսաստանի կողմից և այդ կառավարումը Հայաստանի ու Ռուսաստանի համար ընդունելի որևէ երրորդ երկրի վառաճելու անհրաժեշտությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդգծեց, որ հայկական երկաթուղային ցանցի ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո Հայաստանը կարող է զրկվել միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունից։

ՀՀ վարչապետն այդ մասին խոսեց Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։

Վարչապետը պարզաբանեց, որ միջազգային ներդրողները, բեռնափոխադրողները, ապրանքներ վաճառողներն ու ձեռք բերողները ուզում են խուսափել Հայաստանի Երասխ-Ախուրիկ երկաթուղուց, քանի որ երկաթուղու այդ հատվածը գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո։

«Ռուսաստանի և Արևմուտքի բարդ հարաբերությունները, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, միջազգային ներդրողներին, բեռնափոխադրողներին և առևտրի մասնակիցներին ստիպում են խուսափել, դա ռիսկ համարել և ռիսկի չդիմել՝ ուղղակի կամ անուղղակի պատժամիջոցային սահմանափակումների կամ նման ռիսկ ունեցող ենթակառուցվածքի հետ աշխատելով»,- մանրամասնեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հասկանալի է, որ Հայաստանը ոչ մի առնչություն և ազդեցություն չունի Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցում, հասկանալի է, որ Հայաստանը խնդիր չունի նաև այն փաստի հետ, որ իր երկաթուղին գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո։

«Սա մեզ համար որևէ խնդիր չի եղել և մենք երբեք այս թեմային չենք անդրադարձել։ Ընդ որում, էլի ուզում եմ կրկնել, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է և ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, ու մենք ոչ մի խնդիր չունենք այս փաստի հետ։ Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը և նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։ Այս է պատճառը, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Ընդ որում, բոլորիդ ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ այս համագանքներում ավելի է ակտիվացել Թուրքիայի տարածքում Կարսից Նախիջևան երկաթուղու կառուցման ընթացքը։ Հասկանալի է, որ մենք չենք կարող արգելել կամ արգելակել այդ երկաթուղու կառուցումը և պետք է առերեսվենք այն փաստի հետ, որ Երասխ-Ախուրիկ երկաթուղին պետք է մրցակցի այդ երկաթուղու հետ։ Սրա համար մենք պետք է հնարավորինս արագ Երասխ-Ախուրիկը բերենք մրցակցային լավ վիճակի և հետագայում էլ ապահովենք երկաթուղու կողմից ծառայությունների բարձր որակը և մրցունակ գինը»,-ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ այս ամենի կարևորության գիտակցումն է, որ հանգեցրել է Կառավարության քննարկվող ծրագրի հետևյալ ձևակերպմանը, որը տեղ է գտել ծրագրի չորրորդ բաժնում․ «Երկաթուղու հավատարմագրված կառավարման համակարգը վերանայվելու է այնպես, որ չխոչընդոտի Հայաստանի Հանրապետության միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման այն պատմական հնարավորության իրականացմանը, որը ստեղծվել է։ Մենք շարունակելու ենք աշխատանք այս ուղղությամբ և Ռուսաստանի մեր գործընկերներին կրկին խնդրում եմ հնարավորինս արագ հասնել այս խնդրի բարեկամական լուծմանը»։

Խոսելով ԹՐԻՓՓ նախագծի մասին՝ Փաշինյանը մանրամասնեց, որ այն ներառելու է ոչ միայն երկաթուղին, այլև խողովակաշարեր, ճանապարհներ, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր։

«Մեծ է հավանականությունը, որ էլեկտրահաղորդման գծերը կլինեն ԹՐԻՓՓ-ի շրջանակներում գործարկված առաջին ենթակառուցվածքը, որովհետև նախ տեխնիկապես համեմատաբար հեշտ է արագ դա ավարտին հասցնելը և հետո էլեկտրաէներգիայի աշխարհում աճող պահանջարկը ստիպում է ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանից էլեկտրական էներգիայի արտահանման նախագծերին։ Ներկայում ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը գտնվում է վավերացման փուլում։ Ավարտական փուլում են TRIPP Development Company ընկերության հիմնադրման աշխատանքները։ Հիշեցնեմ՝ Հայաստանը այդ ընկերությունում ունենալու է 26%, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 74% բաժնեմաս։ Այս բանաձևը գործելու է առնվազն 49 տարի, իսկ այդ ժամկետի ավարտից հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվելու դեպքում ևս 50 տարի, իսկ այս դեպքում արդեն Հայաստանի մասնաբաժինը կդառնա 49%, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնաբաժինը՝ 51% առանց Հայաստանի կողմից հավելյալ ֆինանսական կամ այլ ներդրման։ Նախագիծն իրագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։ Եվ հատուկ ուզում եմ ընդգծել, որ ԹՐԻՓՓ-ը օտարերկրյա որևէ ռազմական և կամ զինված ներկայություն չի ենթադրում։ Այս նախագծից առաջ, նախկինում մենք երբեք մեր առջև 100 տարվա և նախագիծ կամ հեռանկար չենք ունեցել։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Երբեք մենք չենք ունեցել ծրագիր, նախագիծ, որը մեր առջև 100 տարվա հեռանկար է բացում, այն էլ աշխարհի թիվ մեկ գերտերության հետ։ Եվ սա թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է։ ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը փոխելու է իրադրությունը և մթնոլորտը մեր տարածաշրջանում»,-հայտարարեց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում