Քաղաքականություն

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Եվրոպական Միության հետ Հայաստանի  գործընկերության ռազմավարական օրակարգը իրացվում է տեսանելի տեմպերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ վարչապետը հիշեցրեց, որ նախորդ տարի  ընդունված ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը նոր թափ տվեց այս գործընթացին։  

«Հայաստանն այսօր միակ երկիրն է, որի հետ Եվրոպական միությունը վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում, և մենք մտադիր ենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել Ռուսաստանի Դաշնությունում։

 «Իմ կարծիքով՝ Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացումը իրականում առիթ է տվել դրան և դրա խորքային պատճառը չէ։ Իսկ Ռուսաստանում առաջացած մտահոգությունների հիմնարար պատճառը այն տրանսֆորմացիան է, որ սկսվել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Ընդ որում, այդ տրանսֆորմացիան ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ մեծ հաշվով բնական գործընթաց»,-նշեց վարչապետը՝ հավելելով, որ մի բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունը հակամարտության պայմաններում և բոլորովին այլ բան այն պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածություն ընդհանրապես չկա և հեռանկարը դրական է։ 

«Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատմական հանգամանքների բերումով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ընկալումը հիմնականում եղել է ռազմական անվտանգային։ Արդեն երկու դար հայ-ռուսական հարաբերությունները կառուցվել են այն հենքի և ըմբռնման վրա, որ Ռուսաստանը հայ ժողովրդի, ապա և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Ես չեմ կասկածել այս գործառույթը կատարելու Ռուսաստանի նվիրվածությանը, բայց 2021, 2022, 2023 թվականների իրադարձությունները ցույց տվեցին, որ անվտանգային սեփական խնդիրներ ունենալու բերումով Ռուսաստանի Դաշնությունը երբեմն կարող է էական սահմանափակումներ ունենալ այդ դերը կատարելու համար»,-հավելեց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում