Քաղաքականություն

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը երբեք դուրս չի եկել աշխատանքային օրակարգից. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը երբեք դուրս չի եկել աշխատանքային օրակարգից. Փաշինյան

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիների ազատ արձակումը և Հայաստան վերադարձը երբեք դուրս չի եկել և մինչև խնդրի լուծումը դուրս չի գա Հայաստանի կառավարության աշխատանքային օրակարգից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության առաջիկա հնգամյա ծրագիրը ներկայացնելիս՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիների ազատ արձակումը և վերադարձը երբեք դուրս չի եկել և մինչև խնդրի լուծումը դուրս չի գա Հայաստանի կառավարության աշխատանքային օրակարգից»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։

 Նրա խոսքով՝ շարունակվելու են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները։

 «Համոզված եմ՝ Ադրբեջանից Հայաստան ներմուծումներին զուգահեռ շուտով կսկսվեն արտահանումներ Հայաստանից Ադրբեջան։ Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների մեկնարկը և զարգացումը, իհարկե, էականորեն ուժեղացնում է հաստատված խաղաղությունը, և մենք մեր տնտեսվարողներին քաջալերելու ենք աշխատել այս ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման կարևոր ուղղություններից են առևտրատնտեսական կապերի հաստատումն ու խորացումը, սահմանների սահմանազատումը, գերիների և անհետ կորածների հարցերի շուրջ համագործակցությունը և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը։

«Նույնիսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումից անդին շատ կարևոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների սոցիալ-հոգեբանական կողմը։ Եվ հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է խաղաղություն հաստատել սոցիալ-հոգեբանական մակարդակում»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետք է առերեսվեն, հաշտ լինեն այն փաստի հետ, որ անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ՝ ոչ ավել, ոչ պակաս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում