Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Պիա Կաումանի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ Երևանում անցկացնելու փաստը

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Պիա Կաումանի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ Երևանում  անցկացնելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ Երևանում անցկացնելու փաստը և հույս հայտնել, որ նիստի շրջանակում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ և ակտիվ երկխոսություն:

Պիա Կաումանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ԽՎ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու համար՝ հավելելով, որ քննարկվելու են Հարավային Կովկասում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում