Հայերի վերադարձը ԼՂ սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար. Զախարովա
1 րոպեի ընթերցում
![Հայերի վերադարձը ԼՂ սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար. Զախարովա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/11/1124227.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի գործընթացին: Դա սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում ԼՂ հայերի վերադարձի հեռանկարները:
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունը այն հայերի իրավունքների, անվտանգության և տնտեսական բարեկեցության երաշխիքների մասին, որոնք ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է։ Մենք ամեն կերպ կնպաստենք այս գործընթացին, որը հիմնարար նշանակություն ունի Երևանի և Բաքվի հաշտեցման համար, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջոցով»,- ասել է Զախարովան։