Հայաստանի հավաքականի «հաղթաթուղթը» կարող է լինել նվիրվածությունը խաղին. Ժիրայր Մարգարյան

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը առաջիկայում վերջին երկու խաղով եզրափակի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Ինչպիսի՞ տեսք կունենա մրցաշարային աղյուսակը՝ ցույց կտա ժամանակը, սակայն ազգային թիմը իր մեծ երազանքի ճանապարհին չպետք է կանգ առնի:

Հայկական ֆուտբոլում իրենց ջանասեր աշխատանքով առանձնացող ֆուտբոլիստերը քիչ են, ոմանք իրենց ճանապարհին հանդիպած բարդությունների պատճառով հանձնվում են, ոմանք` նոր ուժ ստանում: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ավագ, Հայաստանի ազգային թիմի անդամ Ժիրայր Մարգարյանի անցած ճանապարհը հեշտերից չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարգարյանն ամփոփեց մինչ այս իր անցած ուղին, խոսեց հավաքականից և առաջիկա պլաններից: Մարգարյանի հետ մեր հանդիպումը կայացավ իր համար հարազատ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում:

-Ժիրայր, ինչպե՞ս է սկսվել Ձեր ֆուտբոլային ճանապարհը:

-Ֆուտբոլային ճանապարհը սկսել եմ հայրիկիս հետ: Նա ինձ իր հետ տանում էր ֆուտբոլային հանդիպումների, ազգային հավաքականի խաղերին էլ էինք գնում միասին: Եվ միասին էլ որոշեցինք, որ պետք է ֆուտբոլով զբաղվեմ: Եվ հենց այդ տարիքում` 6-7 տարեկանում էլ հիշում եմ ինձ ֆուտբոլում: Եվ շատ լավ եմ հիշում մարզումային առաջին օրը, որ հայրիկիս հետ եկանք, սակայն մարդ չէր հավաքվել և ստիպված էինք հետ գնալ տուն:

-Ձեր անցած ճանապարհին նայելիս՝ այն հեշտ չես որակի. «Բանանց», «Շիրակ», «Արարատ», «Վերես», «Ուրարտու»: Ի՞նչ են ձեզ տվել այս ակումբները:

-Ճիշտ է, կարիերաս շատ դժվար է եղել և, գուցե, դրա շնորհիվ է, որ այժմ խաղում եմ բարձրագույն խմբում: «Բանանց»-ն ինձ ֆուտբոլային կրթություն տված ակումբն է, «Շիրակ»-ը` բարձրագույն խմբում խաղալու հնարավորություն տվածը, «Արարատ»-ի կազմում ամրապնդվեցի բարձրագույն խմբում և ինչ-որ տեղ նաև հնարավորություն ունեցա արտերկրում հանդես գալու: «Վերես»-ում էլ չստացվեց պատերազմի պատճառով: Իսկ «Ուրարտու» վերադարձա՝ որպես կայացած ֆուտբոլիստ: Իսկ ակումբներին ես տվել եմ իմ առավելագույնը:

-Դուք ափսոսանքո՞վ եք հիշում Ուկրաինա տեղափոխվելն ու դրան հաջորդած իրադարձությունները:

-Եթե անկեղծ՝ հետ չեմ նայում, բայց ափսոսանք կա այն առումով, որ իմ կարիերան դրական զարգացում կարող էր ունենալ:

-Իսկ արտերկրում խաղալու ցանկություն դեռևս առկա՞ է:

-Իհարկե, իմ կարծիքով ամեն մի հայ ֆուտբոլիստ ցանկություն ունի ուրիշ` ավելի լավ առաջնությունում հանդես գալ և ցուցադրել իրեն:

-Իսկ ո՞րն է լավ առաջնությունը՝ ըստ Ձեզ:

-Կարծում եմ այն, որը ինչ-որ չափով տարբերվում է Հայաստանի առաջնությունից, որն ավելի բարձրակարգ է: Սակայն այժմ Հայաստանի առաջնությունն էլ աճ է գրանցել և գնալով ավելի ուժեղ առաջնություն է դառնում:

-Խոսքը թոփ 5 լիգաների մասի՞ն է:

-Իմ կարծիքով՝ եթե մնայի «Վերես»-ում, առավել մոտ կլինեի, եթե ոչ թոփ 5 լիգաներին, ապա եվրոպական բարձրակարգ առաջնություններին:

-Գալով Հայաստանի առաջնությանը` «Ուրարտու»-ն երկրի գործող չեմպիոնն է: Ի՞նչ խնդիր ունեք ձեր առջև դրված այս մրցաշրջանի համար, թեպետ դեռևս մրցաշրջանի կեսն եք անցնել:

-Այո, միայն մրցաշրջանի առաջին հատվածում ենք դեռ, բայց մենք մեր առջև չեմպիոնությունը պահպանելու խնդիր ունենք դրած: Բոլորս ենք հասկանում, որ պետք է պահպանել չեմպիոնությունը: Բայց գիտենք նաև, որ հեշտ չի լինելու, և այդ ամենի մասին խոսում է առաջնության ընթացքը: Մենք ամեն ինչ անելու ենք իրավիճակը շտկելու և նորից մրցաշարային աղյուսակում բարձրանալու համար:

-Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն առանձնակի նշանակություն ունի յուրաքանչյուր անդամի համար: Նախ, ըստ Ձեզ, ինչպիսի՞ խաղ ցուցադրեց ազգային ընտրանին Եվրոպայի առաջնության այս ընտրական փուլում:

-Եթե հարցը վերաբերում է հավաքականի վերջին երկու պարտություններին, ապա չեմ կարող ասել, որ մեկնարկային երկու հաղթանակներից հետո ազգային թիմը «վերևներում» էր: Յուրաքանչյուր խաղի պետք է նվիրվել ամբողջությամբ, որ կարողանաս լավ արդյունքի հասնել: Ճիշտը խոսելով` մենք այն հավաքականը չենք, որը, չնվիրվելով խաղին 100 տոկոսով, ունակ է հաղթել: Խոսքերիս ապացույցը Լատվիայի դեմ հանդիպումն էր, որտեղ մի պահ կենտրոնացվածությունը կորցրեցինք և պատժվեցինք: Բայց դեռևս փոքր հնարավորություն ունենք այս մրցափուլում: Վստահ եմ, որ առաջիկա երկու խաղերում ամեն ինչ անելու ենք հաղթանակի ձգտելու համար:

-Իսկ ի՞նչը կարող է դառնալ Հայաստանի հավաքականի «հաղթաթուղթը»:

-Հայաստանի հավաքականի «հաղթաթուղթը» կարող է լինել նվիրվածությունը խաղին:

-Կցանկանայի լսել Ձեր կարծիքը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մասին: Ինչպիսի՞ փիլիսոփայության կրող է նա:

-Պետրակովն իր օրինակով է մեզ ցույց տալիս, թե ինչպիսի մարզիչ է նա: Իզուր չէ, որ նա Ուկրաինայի Մ-19 տարեկանների հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն: Նրա գալով` մենք առավել վստահ ենք գործում:

-Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլը կեզրափակի Ուելսի և Խորվաթիայի դեմ խաղերով: Ի՞նչ է մեզ պետք այդ խաղերում, ի՞նչ ունեք ապացուցել ինքներդ ձեզ և երկրպագուներին:

-Վստահ եմ, որ ամեն կերպ ձգտելու ենք ցույց տալ, որ թույլ թիմ չենք: Մտնելու ենք դաշտ և սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ ենք խաղալու:

-Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

-Դժվարանում եմ անմիջապես պատասխանել: Բայց մանկուց էլ շատ եմ սիրել Զինեդին Զիդանին: Սակայն տարիների հետ նաև նախապատվությունս տալիս եմ Ռոնալդուին: Բայց այժմ բոլորին գերազանցում է Լիոնել Մեսին:

-Իսկ ո՞րն է բոլոր ժամանակների լավագույն թիմը:

-Առանց երկրորդ պատասխանի` Մադրիդի «Ռեալ»-ը:

- Սպորտում հաջողության հասնելու տարբերակները երկուսն են` կամ դու տաղանդավոր ես, կամ աշխատասեր ես: Ըստ Ձեզ՝ ո՞րն է մարզիկների հաջողության գաղտնիքը, ո՞րն է «ոսկե միջինը»:

-Եթե անկեղծ, պետք է գտնել «ոսկե միջինը», ինչը, գուցե ինձ հաջողվել է: Առավել փոքր տարիքում կարելի էր ինձ տաղանդավոր համարել, բայց տարիների ընթացքում քիչ թե շատ կորցրեցի այն: Հիմա հստակ գիտակցում եմ, որ ամեն ինչի կարելի է հասնել աշխատասիրությամբ:

-Եթե ունենայիք բացառիկ մեկ հնարավորություն ընտրելու բոլոր ժամանակների 3 լավագույն ֆուտբոլիստներին, որոնց հետ կխաղայիք մեկ թիմում, ո՞ւմ կընտրեիք:

-Զինեդին Զիդան, Սերխիո Ռամոս և Ռոնալդու:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Հայերեն Español

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում