Մարդիկ կտեսնեն, որ երկրի ապագան նաև ՏՏ ոլորտի մեջ է. Երևանում անցկացվում է 18-րդ «ԴիջիԹեք»-ը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դրոններից մինչև էլեկտրական մեքենաներ, ծրագրային ապահովման աութսորս և տեղական պրոդուկտներից մինչև գիտահետազոտական և տիեզերական հետազոտություններով զբաղվող տեխնոլոգիական ընկերություններ․ այս ամենը կարելի է գտնել հոկտեմբերի 13-ին մեկնարկած 18-րդ եռօրյա «ԴիջիԹեք»-ում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տեխնոլոգիաները ամենուր են» խորագրի ներքո կազմակերպված միջոցառումը հյուրընկալել է ոչ միայն ներկայացուցիչների Հայաստանում գործող ոլորտային բոլոր ուղղություններից , այլև «Ազատազեն» ռազմակրթական ՀԿ-ին, Laser War Armenia-ի ռազմա-տակտիկական խաղ-սպորտաձևի թիմին, ինչպես նաև «ՈՄԱ Գմբեթ»-ին:

«Ցուցահանդեսն արդեն չափահաս է: Այսօր կտեսնենք, որ իրոք տեխնոլոգիաներն ամենուր են՝ բժշկությունից մինչև ժամանակակից արվեստ, սուրճի վաճառքից մինչև ձայնի մշակում՝ արհեստական բանականությամբ, տիեզերական հետազոտություններ»,- նշեց Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:

Նրա խոսքով՝ «ԴիջիԹեք»-ը 18 տարի անցկացվում է՝ ունենալով երեք ուղղությամբ աշխատելու առաքելություն, որոնք են՝ հայկական տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչներին միմյանց հետ կապելը, տեխնոլոգիաներից դուրս հասարակությանը և կառավարական մարմիններում աշխատող մարդկանց ծանոթացնելը տեխնոլոգիական զարգացումներին ու թրենդներին, միջազգային շուկայում հայկական տեխնոլոգիաները քարտեզի վրա ամրացնելը:

Այս տարի միջոցառումը լուսաբանելու համար Երևան են ժամանել միջազգային հայտնի լրատվամիջոցների թղթակիցներ Forbes-ից, Independent-ից, Banzinga-ից, Make use of-ից: Ներկայացված են 120 ընկերություններ, որոնցից 60-ը ստարտափներ են:

«Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք երկրի ապագան տեսնում են նաև ՏՏ ոլորտի մեջ: Սա միջոցառում է, որտեղ մեր ՏՏ համայնքը կարողանում է հանրությանը և գործընկերներին ներկայացնել այն նորությունները, որոնք ստեղծվում են»,- ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Նա նշեց, որ չնայած այս տարի «ԴիջիԹեք»-ը երկրորդ անգամ է անցկացվում, սակայն ընկերությունները շատ նոր բաներ ունեն ցույց տալու:

«Լիահույս եմ, որ թե՛ մասնակիցները, թե՛ այցելուները, թե՛ հայկական և արտասահմանյան լրատվամիջոցները կտեսնեն այն ներուժը, որն ունի Հայաստանը: Ականատես կլինենք, թե ինչպես են հայկական ընկերությունները տրանսֆորմացնում իրենց լուծումները, ինչպես նաև լուծումներ առաջարկում, թե՛ մեր շուկայում, թե՛ համաշխարհային շուկայում»,- ընդգծեց նա:

Այս տարի ցուցահանդեսում գործող Startup Elevator-ը՝ որպես նեթվորքինգ-հարթակ, միավորում է հրեշտակ ներդրողներին և ստարտափների հիմնադիրներին։ Digitec Startup Elevator-ի հայեցակարգը ոգեշնչված է վերելակային ելույթի (elevator pitch) հայտնի պրակտիկայից, որն իրենից ներկայացնում է գաղափարի, ապրանքի կամ ծառայության ազդեցիկ ներկայացում՝ վերելակով երթևեկելու տևողության ընթացքում։

«ԴիջիԹեք 23» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին ներկայացվում են ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման նախագծեր: Ցուցադրված էր մեկ այլ ցուցահանդես՝ «Artsakh Career Expo»-ն, որը պետք է կայանա հոկտեմբերի վերջին։

«ԴիջիԹեքի» օրերին կներկայացվեն նաև ոլորտում աշխատանքի հնարավորություններ: Այցելուների համար մուտքն անվճար է, սակայն գրանցվելը՝ պարտադիր:

«ԴիջիԹեք» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը Երևանում անցկացվում է 2006 թվականից: Դրա գլխավոր կազմակերպիչն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (նախկինում գործում էր որպես Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն)։

Հայերեն