ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D ենթախմբի 6-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հյուրընկալվեց Լատվիային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով և հավաքականներից և ոչ մեկն «առաջին համարով» չէր գործում: Նկատելի էր, որ թիմերից յուրաքանչյուրը սպասում էր մրցակցի սխալին` պահն օգտագործելու համար:
Հանդիպման 39-րդ րոպեին Լատվիան առաջ անցավ հաշվի մեջ: Տան տերերի գրոհը եզրափակեց Իկաունիեկսը: Թիմերն ընդմիջման գնացին լատվիացիների նվազագույն առավելությամբ:
Երկրորդ կեսի մեկնարկում Լատվիան մնաց 10-ը ֆուտբոլիստով` երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Օսսը: Ունենալով քանակային առավելություն` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին չէր հաջողվում իրացնել պահերը: Այդ դեպքում գործեց ֆուտբոլի չգրված օրենքը` «չես խփում դու, գոլ խփում են քեզ»: Իր պահը իրացրեց Բալոդիսը` հաշիվը դարձնելով 2:0:
Ի վերջո, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին չհաջողվեց հետ բերել կորցրածը:
Լատվիա-Հայաստան` 2:0:
Լատվիայի դեմ այս հանդիպումը 20-րդն էր ազգային թիմի կազմում Էդուարդ Սպերցյանի և Արտակ Դաշյանի համար:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 18-ին` Երևանում ընդունելով Ուելսին: Մրցաշարի վերջին խաղում` նոյեմբերի 21-ին, Հայաստանի ընտրանին կհյուրընկալվի Խորվաթիային: