Տարածաշրջանային

Իրանը մինչև տարեվերջ ևս 2 արբանյակ կարձակի. Հաջիզադե

2 րոպեի ընթերցում

Իրանը մինչև տարեվերջ ևս 2 արբանյակ կարձակի. Հաջիզադե

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ մինչև տարեվերջ ևս երկու արբանյակ կարձակվի ուղեծիր։ Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 27-ին հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել «Նուր-3» արբանյակը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ԻՐՆԱ գործակալությունից:

Սեպտեմբերի 27-ին Իրանում մշակված «Նուր-3» արբանյակի արձակումից հետո հանդես գալով լրագրողների առջև` ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարը հայտարարել էր, որ արբանյակը հաջողությամբ ուղեծիր է արձակվել Երկրի մակերևույթից 450 կիլոմետր բարձրության վրա:

«Մոտ ապագայում մենք ուղեծրում կունենանք արբանյակների համակարգ», - ասել է գեներալ Հաջիզադեն՝ արբանյակային տեխնոլոգիաների մշակման ոլորտում բարձր գնահատելով Իրանի առաջընթացի տեմպերը:

Այնուհետև հրամանատարը պատասխանել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի ապագա պլանների վերաբերյալ հարցին՝ ասելով. «Եթե մենք կարողանանք, ապա մինչև տարեվերջ (21.03.2024) կիրականացնենք ևս երկու արձակում»։

2022 թ. մարտին ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերն ուղեծիր են դուրս բերել «Նուր-2»-ը, իսկ դրանից երկու տարի առաջ՝ «Նուր-1»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում