Հասարակական

Գրիգոր Մինասյանը և Ասքար Ջալալիանը քննարկել են էքստրադիցիայի վերաբերյալ մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

Գրիգոր Մինասյանը և Ասքար  Ջալալիանը քննարկել են էքստրադիցիայի վերաբերյալ մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է եռօրյա այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակությանը, որը գլխավորել է նախարարի տեղակալ Ասքար Ջալալիանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ իրավական հարցերով կոմիտեի անդրանիկ նիստը կնպաստի հայ-իրանական համագործակցության ամրապնդմանը: Գրիգոր Մինասյանը նշել է երկուստեք քայլերի անհրաժեշտությունը՝ Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացման համար: Իրանի արդարադատության նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հագեցած օրակարգի համար:

Ասքար Ջալալիանը նշել է, որ մինչ օրս երկու երկրների արդարադատության նախարարություններն ունեցել են ամուր գործընկերային հարաբերություններ, ինչը նպաստել է ոլորտային արդյունավետ համագործակցությանը:

Գրիգոր Մինասյանն ու Ասքար Ջալալիանը քննարկել են դատապարտյալների փոխանցման ու հանցագործություն կատարած անձանց հանձնման (էքստրադիցիա) վերաբերյալ մի շարք հարցեր: Հանդիպմանը վերհանվել են ոլորտային խնդիրներն ու դրանց ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների ճանապարհային քարտեզը:

Գրիգոր Մինասյանի հետ հանդիպման ավարտից հետո նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի անդրանիկ նիստը՝ երկկողմ համաձայնագրերի կատարման ընթացքի և վեր հանված խնդիրների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում