Քաղաքականություն

Ուղերձները բավարար չեն, անհրաժեշտ են Բաքվի նկատմամբ միջազգային հստակ գործողություններ. Միրզոյանը՝ լեհ գործընկերոջը

2 րոպեի ընթերցում

Ուղերձները բավարար չեն, անհրաժեշտ են Բաքվի նկատմամբ միջազգային հստակ գործողություններ. Միրզոյանը՝ լեհ գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 23-ին հեռախոսազրույց է ունեցելԼեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուիհետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանն իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավելի շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող ճգնաժամը: «ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԼՂ-ում գրեթե բոլոր բնագավառներում խաթարված են կենսագործունեության համար բավարար պայմանները և խախտված են 120000 բնակչության նույնիսկ տարրական իրավունքները: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ մինչ շրջափակումը սպառվող սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից. այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոչ միայն չի ստանում այդ մատակարարումները, այլև զրկված է նույնիսկ ԿԽՄԿ միոջոցով հնարավոր հումանիտար աջակցությունից:

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրության կանխման հրամայականը՝ շեշտելով, որ ուղերձներն արդեն բավարար չեն և անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գործողություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության հաստատման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հրահրելով՝ Ադրբեջանը խոչընդոտում է այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության, այդ թվում՝ ԵՄ ջանքերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում