Հասարակական

Վերին Գետաշենում այս տարի սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվում

2 րոպեի ընթերցում

Վերին Գետաշենում այս տարի սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվում

ԳԱՎԱՌ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 7 փողոց, ընթանում են ներհամայնքային ոռոգման առուների կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վերին Գետաշենի 7 փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 90 միլիոն 690 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը` Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հուլիսին եւ, 2023 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ, արդեն գտնվում են ավարտական փուլում։ Ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 1880 գծամետր ճանապարհ ` 6500 քառակուսի մետր մակերեսով։

Վերին Գետաշենի ոռոգման առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 36 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը` Մարտունու համայնքապետարանը։ 2023 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ՝ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտել են շուրջ 60 տոկոսով։ Ծրագրով նախատեսված է 600 մետր երկարությամբ ոռոգման առուների կառուցում` երկաթյա եւ երկաթբետոնյա կիսախողովակներով։ Ծրագրի իրականացման արդյունքում Վերին Գետաշենի 3 թաղամասի մոտ 100 տնտեսությունների ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ եւ ժամանակին։

Վերին Գետաշենում ընթացող սուբվենցիոն ծրագրերի շինհրապարակներում օրերս մշտադիտարկում են իրականացրել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում