ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Թոբիաս Լինդների այցը և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ինչպես հայ-գերմանական հարաբերություններին առնչվող, այնպես էլ տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցեր: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու գործում:
Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի ԱԳ պետնախարարն իր հերթին ընդգծել է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացում հետագա օժանդակությունը շարունակելու իր երկրի կառավարության պատրաստակամությունը:
Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ որոշումն Ադրբեջանի կողմից կատարելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն աջակցությունը: