Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի դեսպանն  անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հաստատման երկու երկրների տեսլականին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի դեսպանն  անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հաստատման երկու երկրների տեսլականին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանԱբբաս Բադախշան Զոհուրիին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳ նախարար Միրզոյանը, նշելով, որ դեսպանԶոհուրիի պաշտոնավարման ժամանակահատվածը համընկել է Հայաստանի համար խիստ բարդ շրջանի հետ, բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև փոխըմբռնման ու հարաբերությունների խորացման գործում նրա կողմից ներդրված ջանքերը և հաջողություն մաղթել հետագա դիվանագիտական աշխատանքում:

«Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համագործակցության օրակարգային տարբեր հարցեր՝ երկուստեք գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցությունը բխում է ինչպես տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հրամայականից, այնպես էլ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վերահաստատվել է բարձրաստիճան փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների դրական դինամիկան պահպանելու պատրաստակամությունը: Կարևորվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերի իրականացմանն, երկկողմ առևտրի խթանման առկա ներուժի օգտագործմանն ուղղված քայլերը:

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման՝ երկու երկրների տեսլականին և այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում