Հասարակական

Ա. Մանուկյանի անվան ռազմամարզական վարժարանի ճամբարում աշակերտները նոր գիտելիքներ ձեռք կբերեն, կծանոթանան ռազմական կյանքին

6 րոպեի ընթերցում

Ա. Մանուկյանի անվան ռազմամարզական  վարժարանի ճամբարում աշակերտները նոր գիտելիքներ ձեռք կբերեն, կծանոթանան ռազմական կյանքին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում հանրակրթական նոր չափորոշիչները կիրառող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարան փոխադրված աշակերտները ռազմամարզական ճամբարում կցուցադրեն այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք են բերել ուսումնառության ընթացքում, միևնույն ժամանակ ձեռք կբերեն նոր կարողություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռազմամարզական ճամբարի բացմանն այս մասին հայտարարեց ԿԳՄՍնախարարԺաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այս հերթափոխում ընդգրկված են Նոյեմբերյան համայնքի 138 երեխաներ:

Ա. Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված վարժարանում նախարարը ողջունեց աշակերտներին՝ նշելով, որ երեխաները 10 օր կանցկացնեն այս ճամբարում, նոր գիտելիքներ ձեռք բերելու և ռազմական կյանքին ծանոթանալու հնարավորություն կստանան:

«Նրանք երկու բաղադրիչով՝ տեսական դասերով և գործնական պարապմունքներով սովորում են ամենատարրական հմտությունները, ինչպես օրինակ՝ տեղանքում կողմնորոշվելը, տարբեր իրավիճակներում անհրաժեշտ հմտությունները, գետանցում անելը, դժվար իրավիճակներում, հատկապես անտառային միջավայրում կողմնորոշվելու և շատ այլ նման կարևոր հմտություններ: Ու ինչպես տեսնում ենք թե՛ տղաները, թե՛ աղջիկները խառը խմբերով մասնակցում են պարապմունքներին: Պարապմունքները արվում են նաև գիշերվա ժամերին, որպեսզի օրինակ՝ երկնքում աստղերի դիրքով կարողանան կողմնորոշվել»,-ասաց նախարարը:

Ըստ նրա՝ այս ճամբարը շատ կարևոր գիտելիք է տալիս, քանի որ մի բան է, երբ դասարանում նստած ես սովորում, մեկ այլ բան է, երբ որ դու ինքդ փորձում ես բնության գրկում:

«Կարծում եմ սա հնարավորություն է տալու, որպեսզի մենք էապես բարելավենք «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման որակը: Բայց պետք է նշենք, որ սա միայն զինվորական պատրաստության մասին չէ, այստեղ ներառված է նաև քաղաքացիական պաշտպանությունը, որը ամենատարբեր տարերային աղետների և տարբեր անսպասելի իրավիճակներում կողմնորոշվելու ամենատարրական հմտություններն և առաջին բուժօգնություն է ուսուցանում»,-ասաց Անդրեասյանը:

Նախարարը նշեց, որ 2024 թվականին ծրագիրը դառնալու է պարտադիր բոլոր դպրոցների համար:

Իսկ հարցին, թե արդյո՞ք բավարար ռեսուրս կունենանք հանրապետության բոլոր դպրոցները ծրագրում ընդգրկելու դեպքում, նախարարը նշեց, որ այդ հարցը շատ մանրամասն քննարկել են, քանի որ թե՛ ռեսուրսի, թե՛ կադրային առումով պետք է ամեն ինչ ճիշտ պլանավորել: Անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն արդեն արել են, որոշակի բարդություններ կան, բայց համագործակցելով Պաշտպանության նախարարության հետ, կկարողանան ամեն ինչ կազմակերպել:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Կարապետյանը նշեց, որ ճամբարի նպատակն է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները հարստացնել և դրանց համապատասխան կարողություններն ու հմտությունները զարգացնել, նաև տեսական գիտելիքները գործնական պարապմունքներով ամրապնդել: Ինչպես նաև զինվորականի մասնագիտության նկատմամբ հետաքրքրություն ձևավորել, բարձրացնել կարգապահության և պարտականությունների կատարման պատասխանատվության գիտակցումը:

«Նշեմ, որ ճամբարի ծրագիրը կառուցվել է գործնական պարապմունքների հիմքի վրա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բանակի վաշտի կառուցվածքի նմանությամբ։ Ճամբարն ունի ուսումնական ծրագիր, որը ոչ միայն ապահովում է դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի 10-րդ դասարանում անցած ծրագրի գործնական պարապմունքները, այլև կան թեմաներ, որոնք չեն կրկնում ՆԶՊ ծրագիրը: Նախ պետք է ասեմ, որ ռազմամարզական այս ճամբարների ներդրումը բավականին լուրջ առաջընթաց էր նախնական զինվորական պատրաստման ոլորտում և՛ գիտելիքների, և՛ կարգապահության, և՛ հայրենասիրական դաստիարակության մոտեցման մեջ»,-ասաց Արթուր Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ արդեն երկու տարվա փորձը ցույց է տվել, որ որոշ ծրագրեր պետք է ավելի ընդարձակվեն և խորացվեն: Ըստ նրա՝ կան մի քանի տեսական դասընթացները, որոնք կարելի է նաև իրականացնել գործնական պարապմունքների միջոցով:

«Իհարկե, ծրագիրը ժամանակի ընթացքում փոփոխության կենթարկվի և ծրագրային մասերը կընդարձակվեն: Ծրագիրն ունի ինը բաժին, կան առանցքային բաժիններ, որոնք նույնությամբ կմնան, բայց կա, օրինակ, գոյատևման հիմունքներ ծրագրային բաժինը, որ հաջորդ տարի ավելի կընդարձակվի»,-ասաց մասնագետը:

Կողբ համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սյուզի Ազատյանն ընդգծեց, որ ռազմամարզական ճամբարում ստացած գիտելիքների շնորհիվ կյանքում հայտնվելով տարբեր իրավիճակներում՝ կկարողանան հեշտ հաղթահարել դրանք, քանի որ իրենք կստանան լուրջ հմտություններ և գիտելիքներ:

«Նման վարժանքները շատ կարևոր են, քանի որ կյանքի տարբեր ժամանակահատվածում չես կարող իմանալ, թե ի՞նչ կարող է լինել և այս վարժանքը շատ կարևոր է նրանով, որ կարող է լինել դեպք, որ անհրաժեշտ կլինի առաջին բուժօգնություն տրամադրել, վիրավոր տեղափոխել կամ շտապ անցնել տարածքը պարանների օգնությամբ և էլի շատ գիտելիքներ, որոնք մեզ կյանքի տարբեր փուլերում կարող են օգնել»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում