Այսպիսի մրցաշարեր շատ պետք է ունենանք. Արայիկ Հարությունյանը` բռնցքամարտի ԵԱ-ի մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը համարում է լավ կազմակերպված:
«Մրցաշարը շատ լավ էր կազմակերպված: Մենք ամեն ինչ արել ենք, և ֆեդերացիան մեծ ջանք է գործադրել լավ արդյունք ունենալու համար: Կառավարությունն էլ իր հերթին աջակցություն է ցուցաբերել: Այսպիսի մրցաշարեր շատ պետք է ունենանք, որ Հայաստանը դիրքավորենք որպես մարզական երկիր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Վերջինս շեշտեց, որ բանակցությունները միջազգային ֆեդերացիաների հետ շարունակվում են այս կամ այլ մրցաշարերը կրկին Հայաստանում ընդունելու համար:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց 9 բրոնզե, 2 արծաթե և մեկ ոսկե մեդալ: