2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստեղծման օրվանից եղել է ժողովրդավարական կուսակցություն, որտեղ առաջնորդներն ու ղեկավարությունը ձևավորվում է ներկուսակցական ընտրությունների արդյունքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լուրերին այն մասին, թե ՔՊ որոշ անդամներ, մասնավորապես պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիրքավորելով իրենց որպես իր իրավահաջորդ, իրենց շուրջ թիմեր են հավաքում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստեղծման օրվանից եղել է ժողովրդավարական կուսակցություն։ Դա իր հետ բերում է ինչպես հնարավորություններ, այնպես էլ սպառնալիքներ ու խնդիրներ։
Մեր կուսակցությունում կարող են լինել մարդիկ, ովքեր կարող են դառնալ կուսակցության վարչության նախագահ և վարչապետի թեկնածու։ Եթե պարզվի այդպես չի, իմ կուսակցական գործունեությունը ձախողված կհամարեմ»,- ասաց վարչապետը։
Նա պատմեց, թե ինչպես էր 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հավաքել իր քաղաքական թիմին ու պահանջել քննարկել՝ արդյոք ինքն այն մարդն է, ով այդ պայմաններում պետք է կուսակցությանն առաջնորդեր արտահերթ ընտրություններում։
«Մենք ունեցել ենք շատ բաց և անկեղծ խոսակցություն։ Ես երբեք իշխանության ուզուրպատոր չեմ եղել և համոզված եղեք՝ երբեք չեմ լինի՝ ոչ կուսակցությունում, ոչ երկրում»,- հայտարարեց Փաշինյանը։