Կամփոփվեն «Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն 2022»-ի արդյունքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինքնաճանաչում․ Էրեբունի» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ամփոփիչ ցուցահանդեսը կբացվի մարտի 5-ին Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացմանը կհայտարարվեն հաղթողների անունները, որոնց ընտրել է մասնագիտական ժյուրին։

Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը ԳԱԿ-ի ամենամյա նախագծերից է և անցկացվում է 2009 թվականից՝ մեծ ընդունելության արժանանալով ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Մրցույթ-փառատոնի նպատակն աշխարհասփյուռ հայ երեխաներին ու պատանիներին արվեստի շուրջ համախմբելը, հայ մշակույթին ու արվեստին ծանոթացնելը և նրանց ներկայանալու հնարավորություն ընձեռելն է։

Նախագծի շարունակականության շղթան ընդհատվել է 2020-ին համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով, սակայն Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, 2021-ից վերականգնել է ավանդույթը՝ նոր ձևաչափով և ընթացակարգով։ Ստեղծագործականին զուգահեռ այն ընդգծված ուսուցողական-կրթական բնույթ է ստացել:

2022 թվականին մրցույթ-փառատոնը նվիրված էր ճարտարապետությամբ, տեղակայմամբ և ներկայացվող նյութով բացառիկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և այնտեղ ներկայացված հնագիտական ժառանգությանը: Գեղագիտության ազգային կենտրոնն իր սաների համար 2021-ին նախաձեռնել է համանուն կրթական նախագիծ, որն ամփոփվել է 2022-ի ամռանը՝ հատուկ ցուցադրությամբ։ Հիմնվելով այդ նախագծի փորձի և գրանցած հաջողության վրա՝ ԳԱԿ-ն ընդլայնել է այն՝ ներկայացնելով համահայկական մրցույթ-փառատոնի ձևաչափով։

Մրցույթ-փառատոնին մասնակցել են հայ երեխաներ ու պատանիներ աշխարհի տարբեր երկրներից։ Նրանք վիրտուալ շրջայց են կատարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Այնուհետև թանգարանի մասնագետները երեք օր առցանց դասընթացներ են ացկացրել՝ ծանոթացնելով թանգարանում ներկայացված նյութին և պատմական այդ շերտի մանրամասներին։ Առցանց դասընթացների արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու տպավորությունները մասնակիցներն ամբողջացրել են կերպարվեստի զանազան տեխնիկաներով և արվեստի ժամանակակից ուղղություններով ստեղծված աշխատանքների տեսքով՝ ներկայացնելով պատմական այդ շրջանի սեփական մեկնաբանությունը։

Մասնագիտական ժյուրին ընտրել է լավագույնները, որոնք էլ կներկայացվեն ամփոփիչ ցուցահանդեսի շրջանակում։

Համահայկական մանկապատաներակն նկարչական մրցույթ-փառատոնն իրականացրել են Գեղագիտության ազգային կենտրոնը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ։

Հայերեն

Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը․ Ջուլիետա Ազարյան

Վենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street Journal

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

ՀԱՊԿ-ի խորհրդի նիստում Հայաստանին դաշինքից հեռացնելու հարց չի քննարկվել․ Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Գործադիրը 173 մլն դրամի աջակցություն տրամադրեց Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանը

Կառավարությունը 2 մլրդ 434 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր կիրականացնի 22 համայնքում

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում

Սոնա Ղազարյանն ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածը համարել է առողջ քննադատություն և բանավեճի հիմք