ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը քննադատել է Ֆրանսիայի կառավարությանը՝ նշելով, որ խոսքի ազատության քարոզչության պատրվակով նրանք արդարացնում են վիրավորանքն այլ ազգերի սուրբ արժեքների նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությանը:
Twitter-ի իր միկրոբլոգում կիրակի օրն արված գրառման մեջ Նասեր Քանանին Փարիզին քննադատել է ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական ամսագրին աջակցելու համար. ամսագիրը Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ծաղրանկարների պատրաստման մրցույթ է սկսել:
«Երկրի ներսում և արտերկրում գաղութատիրության և մարդու իրավունքների ու խոսքի ազատության ոտնահարման պատմական դառը փորձ ունեցող Ֆրանսիան իրավունք չունի արդարացնելու այլ երկրների, ազգերի ու աստվածային կրոնների հետևորդների սրբություններին ուղղված լկտի վիրավորանքը՝ խոսքի ազատության պատրվակով», - գրել է Քանանին։
Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ ֆրանսիացի պաշտոնյաները պետք է պահպանեն միջազգային հարաբերությունների ակնհայտ և հիմնական սկզբունքները՝ փոխադարձ հարգանքը, այլոց ներքին գործերին չմիջամտելը և հարգանքը մյուս ազգերի ազգային և կրոնական արժեքների ու սրբությունների նկատմամբ։
Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանն Ալժիրի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել է Charlie Hebdo ամսագրի «սրբապիղծ քայլը, որով վիրավորանք է հասցվել իսլամական արժեքներին և կրոնական իշխանությանը»: Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել արդյունավետ իրավական և միջազգային մեխանիզմ ներդնել նման վիրավորական միջադեպերը կանխելու համար: Ավելի վաղ Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ ֆրանսիական ամսագրի վիրավորական քայլը վճռորոշ արձագանքի կարժանանա:
Charlie Hebdo ամսագրի կողմից վերջին ծաղրանկարների հրապարակումը քննադատելու համար մեծ թվով իրանցիներ հունվարի 8-ին բողոքի ակցիա են իրականացրել Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան առջև: Ըստ իրանական IRNA գործակալության՝ ցուցարարները նաև կոչեր են հնչեցրել՝ ի աջակցություն Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի: